Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ:
96 կգ քաշայինների կիսաեզրափակչում մեր ըմբիշը 9:1 հաշվով հաղթեց հունգարացի Կիս Բալաշին: Հանդիպումը շարունակվեց 55 վայրկյան: Եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն հայ ըմբիշի կմրցի ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ:
Ալեքսանյանը հաղթել էր իրանցի Մահդի Աբաս Ալիյարիֆեյզաբադին, բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևին, ղազախ Յերուլան Իսկակովին:
Իսկ ահա, 84 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մեդալի համար չի պայքարի:
Քառորդ եզրափակիչում Մաքսիմը 2:7 հաշվով պարտվեց լեհ Դամիան Յանիկովսկիին: Եթե Յանիկովսկոին դուրս գար եզրափակիչ, Մանուկյանը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն լեհ ըմբիշը կիսաեզրափակչում զիջեց իրանցի Նեմատպուրին՝ 2:5:
Հավելենք, Մանուկյանը հաղթել էր եգիպտացի Աբդ Էլ Սալամ Շիբլիին, ռումինացի Պրիվան Դորինին:
60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանին ևս բախտն ուղեկից չէր: Նա մեկնարկային գոտեմարտում 0:7 հաշվով պարտվեց ռուսաստանցի Իվան Կույլակովին, որը դուրս է եկել եզրափակիչ: Ցավոք, Միքայելյանը առաջին սփոփիչ գոտեմարտում պարտվեց ուկրաինացի Դմիտրո Ցումբալյուկին:
Tags: Արթուր Ալեքսանյան, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սպորտ