ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լիբանանում

515. Independence day ceremony in Lebanon 23.09.2013Սեպտեմբերի  20-ին  Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին:

Լիբանանի եւ Հայաստանի օրհներգերից հետո ելույթով հանդես եկավ Լիբանանում  ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա համառոտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 22 տարիների անցած ուղին: Խոսելով հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին` դեսպանը անդրադարձավ վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելություններին եւ հատուկ  ընդգծեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2012թ. նոյեմբերին Լիբանան կատարած պաշտոնական այցի քաղաքական կարեւորությունը: Նա համոզմունք հայտնեց, որ վերջերս MEA ավիաընկերության կողմից Բեյրութ-Երեւան ուղիղ չվերթերի բացումը խորապես կնպաստի առեւտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության եւ գործարար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Դեսպանը բարձր գնահատեց լիբանանահայ համայնքի բազմաբովանդակ ազգանվեր  գործունեությունը, որը, պահպանելով հարուստ ազգային մշակույթն ու արժեքները, միեւնույն ժամանակ իր ուրույն դերակատարությամբ հանդիսանում է երկու բարեկամ երկրները` Հայաստանը եւ Լիբանանը, միացնող ամուր եւ հուսալի կամուրջ:

Ավարտելով ողջույնի խոսքը` դեսպան Քոչարյանը շնորհակալություն հայտնեց Լիբանանի բոլոր կառույցներին եւ անհատներին սերտ համագործակցության համար, խաղաղություն եւ բարգավաճում մաղթեց Լիբանանի բարեկամ ժողովրդին:

Ընդունելությանը ներկա էին նախարարներ եւ պատգամավորներ, դեսպաններ, հարանվանությունների, պետական կառույցների եւ լիբանանահայ համայնքի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Լիբանանի նախագահին, ազգային ժողովի նախագահին եւ վարչապետի պաշտոնակատարին ներկայացնում էր երեկոյի գլխավոր հյուր, պատգամավոր Հակոբ Բագրատունին:

 

Tags: