Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 23-ին 14 տարվա ազատազրկման է դատապարտել նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին:
Դատարանի վճռով Սամվել Հարությունյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, իսկ Խաչատուր Պողոսյանը՝ 14 տարվա:
Նշենք, որ մեղադրող Արամ Ամիրզադյանը հուլիսի 29-ին պահանջել էր 12 տարվա ազատազրկման դատապարտել Վարդան Սեդրակյանին, ով մեղադրվում է սպանությունը պատվիրելու մեջ: Մեղադրողը նաեւ պահանջել էր 13 տարվա ազատազրկման դատապարտել մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանին, եւ 14 տարվա ազատազրկման՝ մահափորձի անմիջական կատարման մեջ մեղադրվող Խաչիկ Պողոսյանին:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել էր Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել էին Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն էր կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
