Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնի այցը Արցախ եւ Հայաստանի Հանրապետություն

Stéphane DionՍտեֆան Դիոն՝ (Stéphane Dion, ծն. 1955թ. սեպտեմբերի 28) կանադացի քաղաքական գործիչ: 1996 թվականից ի վեր Կանադայի խորհրդարանի անդամ է՝ ընտրված Մոնթրեալի Սեն-Լորան-Կարտիեվիլ հայաշատ ընտրատարածքից։
2006-2008-ին Դիոնը եղել է Լիբերալ կուսակցության, ինչպես նաեւ պաշտոնական ընդդիմության ղեկավար՝ խորհրդարանում։
Մինչեւ պատգամավոր ընտրվելը, որպես քաղաքական գիտությունների մասնագետ եւ սոցիոլոգ, Ստեֆան Դիոնը եղել է ակադեմիական բնագավառի ճանաչված դեմք՝ Քվեբեկի անկախական շարժման վերաբերյալ արտահայտած իր տեսակետներով։ Սկզբում եղել է Քվեբեկի անկախական շարժման կողմնակից, իսկ հետագայում՝ կանադական ֆեդերալիզմի ջատագով։
1996-2003 թվականներին, Ստեֆան Դիոնը եղել է Կանադայի Միջկառավարական հարցերի նախարար, 2004-2006 թվականներին՝ բնապահպանության:
Ստեֆան Դիոնը Կանադայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ջատագովն է: Նա մշտապես օգնել է հայ համայնքին, ինչի համար էլ համայնքը նրան շնորհել է «Պատվավոր Հայ» կոչումը։ Դիոնը աջակցել է 2002թ. հունիսի 13-ին Կանադայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի որդեգրմանը եւ կողմ քվեարկել 2004թ. ապրիլի 21-ին, խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։
Ստեֆան Դիոնը կողմնակից է Հայաստանի Հանրապետությունում կանադական դեսպանատուն բացելու հայ համայնքի տեսակետին։
Ստեֆան Դիոնի Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ այցելությունը կազմակերպել է Հայ Դատի Կանադայի հանձնախումբը, Կանադայում ՀՀ դեսպանատան եւ ԼՂՀ ներկայացուցչության հետ միասին։ Այցի նպատակն է.
ա) Տեղում ծանոթանալ Արցախի իրականությանը.
բ) Աջակցել հայ-կանադական հարաբերությունների սերտացմանը.
գ) Ծանոթանալ ՀՀ-ում եւ Արցախում գտնվող սիրիահայերի խնդիրներին, դրանց լուծմանը Կանադայի աջակցությունն ապահովելու նպատակով։
Դիոնը Երեւան է ժամանել սեպտեմբերի 21-ի երեկոյան։ Սեպտեմբերի 22-ին, Հայ Դատի Կանադայի հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաջյանի ընկերակցությամբ՝ մեկնել Արցախ։ Սեպտեմբերի 22-ին Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, սեպտեմբերի 23-ին ՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Ստեֆան Դիոնը Հայաստանում կմնա մինչեւ սեպտեմբերի 27-ը եւ կունենա մի շարք հանդիպումներ։
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի
Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակ

Tags: ,