«Հայ մասնագետները ներկայացնելու են հարցեր էկոլոգիայի, կլիմայի, հայոց լեզվի եւ այլնի վերաբերյալ»,-այսօր Անկախի հետ զրույցում «Կոմպյուտերային գիտության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների /CSIT-2013/ 9-րդ գիտաժողովի» մասին նշեց Գիտությունների Ազգային Ակադեմիայի փոխնախագահ Յուրի Շուքուրյանը:
CSIT-2013 գիտաժողովի նպատակն է նպաստել գիտական գաղափարների փոխանակմանը միջազգային հետազոտողների միջեւ լայն մասշտաբով, մասնակիցներին հնարավորություն տալ շփվելու, ներկայացնելու իրենց վերջին հետազոտությունների արդյունքները եւ կիսվելու իրենց բազմաբնույթ փորձը կոմպյուտերային գիտության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում:
Գիտաժողովին հայ մասնակիցներից բացի, մասնակցեցին 60-ից ավելի գիտնականների՝ աշխարհի տարբեր երկրներից:
Յուրի Շուքուրյանի խոսքով Հայաստանում որոշակի արդյունքներ են ստեղծված, որոնք հետաքրքիր են հասարակությանը եւ գիտական հասարակությանը:
Ինֆորմատիկայի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Մարանջյանի համոզմամբ նմանատիպ միջոցառումները շատ կարեւոր են: Այսօր չկա մի բնագավառ, որտեղ կոմպյուտեր չօգտագործվի եւ անհրաժեշտ չլինի: Կոմպյուտերային գործը Հայաստանում դրվել է շատ վաղուց, հիմնարարներից մեկը եղել է ակադեմիկոս Մերգելյանը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
