Հայաստանը ներկայումս հեռու է երկրաշարժի վտանգից

երկրաշարժՏարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում: Վերջին 9 ամիսների  ընթացքում տարածաշրջանում գրանցվել է շուրջ 3000 երկրաշարժ, որոնցից 12-ը՝ Հայաստանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը:

-Երկրաշարժները մեր տարածաշրջանի համար զարմանալի չեն: Չեմ ցանկանում ավելորդ խուճապ առաջացնել, սակայն Հայաստանում նոր ուժգին երկրաշարժը սարերի հետևում չէ: Սպիտակի երկրաշարժից հետո լուրջ իրադարձություններ չենք ունեցել: Անցել է 25 տարի և ամեն օր Սպիտակի երկրաշարժից հեռանալը մեզ մոտեցնում է նոր հավանական ուժգին երկրաշարժի։ Այսօր, վաղը, երկու շաբաթ հետո, մենք այդպիսի վտանգ չունեք, նայել եմ վերջին տեղեկությունը։ Չեմ ուզում խուճապի առիթ դառնալ, մենք ունեցել ենք 88 -ի երկրաշարժ, դա ցույց է տալիս, որ էլի ենք ունենալու, ոչինչ չի փոխվել, բայց պետք չէ վախենալ, պետք է ամբողջ ներուժը դնել պաշտպանվելու համար,- ասաց նա։
Տիկին Թովմասյանի խոսքով՝ երկրաշարժի դեպքում, ցավոք, մեր բնակֆոնդը 80% -ով կորուստ կունենա, շենքերի ամրացման ուղղությամբ գործնական քայլեր չեն արվում գումարների բացակության պատճառով, թեև այդ խնդրի հետ կապված կա մշակված ծրագիր:
-Չի կարելի շենքերում կատարել կամայական փոփոխություններ:
Եթե մարդը գտնվում է բարձրահարկ շենքում, ապա երկրաշարժի ժամանակ անհրաժեշտ է պատսպարվել շենքի ապահով տեղում՝ դռան բացվածքների, պատի անկյունների մոտ,- ասաց սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետի տեղակալը:

Մարիամ Հովհաննիսյան

Tags: