Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը նախորդ տարվա աշնանից գտնվում է Գյումրու քաղաքապետարանի դահլիճում, սակայն այն ամբողջությամբ ամրացված չէ պատին: Խնդիրը նկարչի հիմնադրամի, որդու և քաղաքապետարանի մեջ է. երկուստեք չեն կարողանում հարթել ֆինասական խնդիրները: Մի կողմը մշտապես պնդում է, որ քաղաքապետարանը դեռ պարտքեր ունի որմնանկարի վերականգնման համար, մյուս կողմը`իր բոլոր պարտավորություններն ավարտած համարում:
Օրերս Գյումրու քաղաքապետն ավագանու համաայնությունն էր ուզում նկարի վերջնական տեսքն ավարտելու համար 3 մլն դրամ Մինաս Ավետիսյան հիմնադրամին փոխանցելու համար:
“Լուրջ պրոբլեմների մեջ եմ հայտնվել: Հարցը քննարկվել է պետական տարբեր ատյաններում: Ասում են, որ հին պայմանավորվածության համաձայն, դեռ 19 մլն քաղաքապետարանը պետք է տա: Ես դիմադրել եմ և ասել, որ որևէ գումար չունեմ տալու: Ասել եմ` մեր հնարավորությունները կարող են լինել 3 մլն, բայց կտանք այն պայմանով, որ հետևողական ենք լինելու վերջնական վերականգնմանը: Չեն վերականգնելու` չենք տալու: Էն ժամանակ, երբ մենք ընդհանրապես գումար չունեինք` 2012թ. հոկտեմբերի 12-ից սկսած, էդ գումարները հատկացվեց, հիմա նորից 19 մլն:
Ես կփորձեմ ավագանու նիստերից մեկին Մինասի որդին` Արմանը և իրենց հաշվապահն գան, բացատրություն տան”, – ասում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ավագանին կողմ արտահայտվեց քաղաքապետի առաջարկին, սակայն այլ դիրքորոշում հայնտեց քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը. “Քանի որ պայմանագրի ակնունքներին, ամբողջ աշխատանքներին ես ներկա եմ եղել, կարող եմ ասել, որ քաղաքապետարանն այսօրվա դրությամբ 37 մլն դրամ հատկացնելով կատարել է իր առջև դրված պայմանագրային բոլոր պարտականությունները` մի բան էլ ավելին: Պայմանագիրը կնքվել է 24 մ երկարությամբ 4-4,5մ բարձրությամբ նկարի մասով: Նրանք 6մ պակաս են արել նկարը: Հիմա, որ դահլիճում նայեք` դատարկ է նկարի այդ մասը, դրա բեկորներն են պահպանված եղել, ըստ իրենց հավաստիացումների, և բեկորներով պետք է լրացնեին Մինասի նկարի այդ հատվածը: Դա անհնարին է, երազանքների աշխարհից է: Դա ոնց է լինելու, հիմա նորից նրանց 3 մլն ենք տալու, երբ մենք պայմանագրի բոլոր կետերը կատարել ենք, իսկ նրանք չեն կատարել նկարի վերականգնումը և չեն էլ կատարելու: Նրանք ասում են` բեկորները կան, պահեստավորված են, բայց դրանցով երբեք նկար չի հավաքվում: Մի ելք կա. պետք է սվաղել այդ հատվածը մանր ավազով և դրա վրա մի որակյալ նկարիչ նկարի Մինասի նկարը: Վրան պետք է գրվի` այսքանն արված է այսինչ նկարիչ կողմից և վերականգնված է ամբողջությամբ”:
“Ես բացատրեցի, որ այս 3 մլն-ից բացի մենք էլ որևէ պարտավորություն չունենք, սա նույնիսկ ոչ թե պարտավորություն է, այլ մեր թասիբի խնդիրը”, – բաժնի պետին հակադարձեց քաղաքապետ Բալասանյանը:
