Ներկայացվեցին “Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում” ուսումնասիրության միջանկյալ արդյունքները

3599_b“Արմենիա Մարիոթ” հյուրանոցում այսօր շահագրգիռ մարմինների քննարկմանը ներկայացվեցին “Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում” ուսումնասիրության միջանկյալ արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է “Հայջրնախագիծ ինստիտուտ” ՓԲԸ եւ “Մել- Հով” ՍՊԸ փորձագիտական խմբի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար` ընդգծելով, որ ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրը մշտապես ՀՀ կառավարության օրակարգում է, եւ նշված ուսումնասիրությունը օգտակար կլինի ջրային ոլորտում արդյունավետ քաղաքականության իրականացման համար:

Ըստ նրա`մասնավորապես Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների ճշգրիտ գնահատականը կարեւոր նշանակություն ունի դաշտավայրի գյուղացիական եւ արտադրական տնտեսությունների, ինչպես նաեւ բնակչության խմելու եւ կենցաղային ջրի պահանջարկն ապահովելու տեսանկյունից:

Հեղինակները տեղեկացրեցին, որ վերջնական հաշվետվությունը, որը նաեւ եզրահանգումներ ու կոնկրետ առաջարկություններ կպարունակի, պատրաստ կլինի 2014թ. տարեսկզբին եւ կներկայացվի ինչպես կառավարությանը, այնպես էլ շահագրգիռ այլ մարմինների եւ կազմակերպությունների:

Հասարակայնության հետ կապերի բաժին 

Tags: