Մեր մեջքին ոչ ոք կանգնած չէ. Քանդակագործ

DIGITAL IMAGE«Հայ ժողովուրդը լրիվ ազատ չէ, փխրուն է, կարեւորը, որ նրա դիվանագիտությունն ու քաղաքականությունը ճկուն լինի, որ հնարավոր լինի ամեն ինչից օգտվել: Անկախությունն Աստծու կողմից մարդուն տրված ամենաբարձրագույն ցանկությունն ու իղձն է: Մեր պապերն ու հայրերը պայքարել են նրա համար, որ իրենց երեխաներն ու ծոռները լինեն ազատ, անկախ եւ ուրախ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անկախության 22 տարիներին մեր երկրի քարե պատկերի ու դեմքի մասին նշեց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:

Նրա խոսքով՝ անկախությունը հոգեբանական մտքի եւ բարոյականության բարձրագույն կատեգորիան է, սակայն անկախությունն ու ազատությունը պետք է ճիշտ օգտագործել: Նրանք նույնպես ունեն իրենց սահմանափակումները: Հայաստանում երջանիկ լինելու համար շատ պատճառներ կան, մեզանից յուրաքանչյուրը իրենից ինչ որ բան ներկայացնում է:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա քանդակագործի համոզմամբ աշխարհի բոլոր երկրներում արտագաղթ կա, այդ փաստը ցավագին չպետք է ընդունենք: Մարդ ծնվում եւ ապրում է մեկ անգամ, հետեւաբար իրավունք ունի աշխարհը շրջելու ու իր ցանկություններն իրականացնելու, դա չի նշանակում, որ հայը երկրից, աշխարհից վերանում է.

«Այսօր ուսանողությունը մեկնում է արտասահման ուսումը շարունակելու, եթե ուզենանք հայաստանյան իրավիճակում լավ բան փնտրել, ապա հաստատ կգտնենք: Մեր մեջքին ոչ ոք կանգնած չէ, մենք դեռ հզոր չենք: Հազար երանի նրանց, ովքեր ականատես կլինեն իմ երազած անկախ Հայաստանին»:

Քանդակագործի պնդմամբ մենք անկախության համար չպայքարեցինք, մեզ տվեցին անկախություն: Մենք պետք է կարողանանք մեզ տված անկախությունն ու ազատությունը ճիշտ օգտագործել:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ 

Tags: