Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվեց

3Խորհրդարանը սկսեց հերթական քառօրյա աշխատանքը: Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագծի քվեարկությունը տեղափովեց հաջորդ քառօրյա` քննարկումները շարունակելու և օրինագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է օրինագծի այս տեսքով ընդունմանը, և այն  առաջարկները, որոնք ընունելի կլինեն ՀԱԿ-ի կողմից, ընդունելի կլինեն նաև ԲՀԿ-ի համար:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրական գնահատեց օրինագիծը` նշելով, որ այն բավականին լուրջ քննարկումների ճանապարհ է անցել նաև նախորդ քաեռօրյայում: Սակայն նրան մի միտք է անհանգստացնում. «Շատ բարեկիրթ ձևով մեր առաջարկները ներկայացրեց Տաճատ Վարդապետյանը, բայց չգիտես ինչի` միշտ էլ չարախնդացողներ ենք ունենում, և հասարակությանը ներկայացվում է, թե իբր ՀՀԿ-ն դեմ է օրինագծի ընդունմանը: Մարդիկ կան, որ իրենց թվում է, թե իրավական օրենքներով բարուրված են ծնվել և կարող են ամեն ինչ ասել` էսպես արհամարհական ժեստերով: Մենք չենք ներում, բայց հանդուրժում ենք»:

Ըստ Սահակյանի` թվացյալ է այն կարծիքը, թե Հանրապետականը չի ուզում այս նախագիծն անցկացնել: «Հանրապետականը ոչինչ չունի թաքցնելու»,-հավաստիացրեց նա:

Պարզապես, ըստ նրա, որոշակի հարցեր կան, այդ թվում նաև` խմբագրական, որ պետք է քննարկվեն, մինչև օրինագիծը բոլորի համար ընդունելի տեսք ստանա:

Օրինագծի հիմնական զեկուցող Գագիգ Ջհանգիրյանն ամփոփիչ ելույթում անդրադարձավ ներկայացված առաջարկներին: Ընդհանուր առմամբ` նա այդ առաջարկներում լուրջ հակասություններ չի տեսնում, սակայն համամիտ է օրինագիծը հաջորդ քառօրյա տեղափոխելու և քննարկումները շարունակելու Հանրապետականի առաջարկին:

 

Tags: