Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր սկսվեց քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի և ևս երկու անձի դեմ քրեական գործով դատաքննությունը:
Ըստ դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության, Արսեն Ավետյանը՝ իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը իր առանձնատան հաշվառումից հանել է իրեն ու որդուն, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը: Ա.Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունն, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու Արսեն Ավետյանի առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով: Հոգեմետ դեղամիջոց ազալեպտինի 3 հաբ Արսեն Ավետյանը ձեռք է բերել իր ծանոթ, ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի միջոցով: Վերջինս այն ձեռք էր բերել հոգեբուժական դիսպանսերում հաշվառված հիվանդ Էդուարդ Ասատրյանի օգնությամբ, ով պատահաբար նստել էր իր տաքսի ավտոմեքենան: Ավելի ուշ Ա.Ավետյանը խնդրել է կրկնապատկել հաբերի թիվը, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցվել ամբաստանյալներից անկախ պատճառներով՝ Ազգային անվտանգության մարմինները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպքը:
Ըստ Արկադի Վարդանյանին առաջադրված մեղադրանքի, նա իր գործողություններով օժանդակել է շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը, իսկ Վարուժան Սաֆտալյանը 500 հազար դրամ պարտք լինելով Արսեն Ավետյանին՝ պարտավորված է եղել ինչ-որ կերպ օգտակար լինել վերջինիս և իր ուղևորի միջոցով ձեռք բերել երեք հաբ հոգեմետ դեղ: Սակայն ավելի ուշ՝ տեսնելով Արսեն Ավետյանի վճռականությունը և սթափվելով, որևէ այլ գործողություն չի արել, սակայն նաև չի հայտնել իրավապահ մարմիններին նախապատրաստվող ծանր հանցագործության մասին:
Նկարագրված արարքների համար Արսեն Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը օժանդակելը, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, Արկադի Վարդանյանին 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, Վարուժան Սաֆտալյանին՝ 266-րդ հոդվածի 1-ին մասով` Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը և 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հանցագործության մասին չհայտնելը:
Ամբաստանյալներ Արսեն Ավետյանն ու Արկադի Վարդանյանն իրենց մեղավոր չճանաչեցին առաջադրված մեղադրանքում, իսկ Վարուժան Սաֆտալյանը իրեն մեղավոր ճանաչեց՝ հայտարարելով, որ թեթևամտորեն է վերաբերվել, չի գիտակցել ու համապատասխան քայլեր չի ձեռնարկել:
Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տուժող Ռոբերտ Ավետյանը իր առանձնատան միակ սեփականատերը չէ, կա նաև համասեփականատեր, այսինքն՝ նա չէր կարող միանձնյա վաճառել ու տնօրինել գումարը: Դատարանը հետաձգեց իր և Արսեն Ավետյանի զրույցի գաղտնալսման ամբողջական տեքստը պահանջելու մասին Արկադի Վարդանյանի միջնորդության քննարկումը՝ մինչև գործով ապացույցների հետազոտման ավարտը: Ըստ ամբաստանյալի, գաղտնալսման նյութերն ամբողջական չեն՝ միտումնավոր կամ տեխնիկական պատճառներով:
Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, դատարանում նախ սկսեցին հարցաքննվել գործով վկաները: Այսօրվա 3 վկաները բժիշկներ էին: Անահիտ Այվազյանն ասաց, որ վերոհիշյալ դեղահաբերը հատուկ դեղատոմսերով են տրվում, դրանք նշանակվում են հիմնականում շիզոֆրենիայից տառապող հիվանդներին, և տարեց մարդկանց դրանք «մեծ զգուշությամբ» են տրվում: Նա հաստատեց, որ հոգեմետ այդ դեղամիջոցի գերդեղաչափը կարող է նաև մահվան հանգեցնել: Սրտաբան բժիշկ Սուրեն Ներսիսյանը հայտնեց, որ իր մոտ բուժում ստացած Արկադի Վարդանյանը զանգահարել է իրեն և հետաքրքվել ազալեպտինի մասին, ինքը Ինտերնետից տեղեկացել է ու Արկադի Վարդանյանին հայտնել է, որ դա հոգեմետ դեղ է, սովորական դեղ չէ և տրվում է հիվանդին բժշկի հսկողությամբ: Իրեն հայտնի չէ Ա.Վարդանյանի հետաքրքրության պատճառը: Դատարանում նա չնշեց, սակայն նախաքննության ընթացքում ասել էր, որ Ա.Վարդանյանը հետաքրքրվել է դեղի ընդունման դոզաներով:
Բժշկուհի Նարինե Ստեփանյանի հսկողության ներքո է գտնվել վերոհիշյալ Էդուարդ Ասատրյանը: Ամեն անգամ նրան տրվում էր 50 դեղահաբ, որոնցից յուրաքանչյուրը բաժանելով 4 մասի ընդունում էր 200 օրվա ընթացքում:
Հոկտեմբերի 8-ի դատական նիստում ցուցմունք տալու համար կծանուցվեն ևս երեք վկաներ, այդ թվում՝ Էդուարդ Ասատրյանը:
