Սեպտեմբերի 21-ին Տոկիոյի «Հոթել Օկուրա» հյուրանոցի սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին:
Հայաստանի անկախության տոնը շնորհավորելու էին եկել 180-ից ավելի հյուրեր՝ Ճապոնիայի խորհրդարանի, նախարարությունների, այլ պետական կառույցների, գործակալությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ճապոնիա – Հայաստան ընկերակցության, ճապոնա-հայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, համալսարանների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ:
Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի եւ Ճապոնիայի հիմներով՝ ճապոնացի ճանաչված սոպրանոյի կատարմամբ, որից հետո ներկաներին ողջույնի խոսք ուղղեց դեսպան Հրանտ Պողոսյանը: Նա մասնավորապես նշեց, որ հայ ժողովուրդն իր աշխատանքով ու նվիրվածությամբ մշտապես հաստատակամ է զարգացնել իր երկիրն ու ավելացնել Հայաստանի բարեկամների թիվն աշխարհի բոլոր մայրցամաքներում եւ ընդգծեց, որ Հայաստանն ու Ճապոնիան իրենց գործընկերությունն ու բարեկամությունը խորացնելու համար արդեն իսկ ակտիվ եւ հագեցած օրակարգ ունեն:
Այնուհետեւ Հայաստանի ղեկավարությանը եւ հայ ժողովրդին շնորհավորական ուղերձ հղեց Ճապոնիայի խորհրդարանի անդամ Կազույուկի Համադան: Նա նշեց, որ ճապոնացիների համար Հայաստանը դեռեւս վաղուց հետաքրքիր ու գրավիչ երկիր է եղել՝ իր պատմությամբ, հարուստ մշակույթով եւ ավանդույթներով, եւ այժմ ուրախալի է, որ Հայաստանն ու Ճապոնիան միմյանց առավել լավ են ճանաչում, եւ թե զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, թե ճապոնացի գործարարների ու մշակույթի գործիչների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ տարեցտարի մեծանում է:
Ընդունելությանը զուգահեռ ցուցադրվեց «Armenia – The Land of Noah» խորագրով տեսաֆիլմը:
Սեպտեմբերի 23-ին Վիեննայի Բորսայի հանդիսությունների Մեծ սրահում Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր տոնական ընդունելություն ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ: Ընդունելությանը մասնակցեցին Ավստրիայի կառավարության, դաշնային նախարարությունների պաշտոնատարներ, խորհրդարանի ստորին եւ վերին պալատների՝ Ազգային խորհրդի եւ Դաշնային խորհրդի պատգամավորներ, Վիեննայում գործող ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների ղեկավար կազմը, դիվանագետներ, Ավստրիայի պետական, քաղաքական շրջանակների, հասարակական, մշակութային կազմակերպությունների, մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչներ, եկեղեցական շրջանների, ինչպես նաեւ հայ համայնքային կառույցների անդամներ, լրագրողներ:
Հայաստանի եւ Ավստրիայի պետական օրհներգերի կատարումից հետո ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Նա համառոտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 22 տարիների անցած ուղին: Խոսելով հայ-ավստրիական երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին` դեսպանը անդրադարձավ վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելություններին եւ հատուկ ընդգծեց Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի 2012թ. հունիսին Հայաստան կատարած պաշտոնական այցի եւ առաջիկայում սպասվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ավստրիա կատարելիք պատասխան այցի կարեւորությունը: Դեսպանն անդրադարձավ նաեւ Վիեննայում գործող ԵԱՀԿ-ի, Ավստրիայում հավատարմագրված ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների հետ տարվող արդյունավետ փոխգործակցությանը: Դեսպանը կարեւորեց ավստրահայ համայնքի գործունեությունը, որը, կոչված լինելով պահպանելու ազգային մշակույթն ու արժեքները, միեւնույն ժամանակ կոչված է կամուրջի դեր խաղալ երկու բարեկամ երկրների` Հայաստանի եւ Ավստրիայի հասարակությունների միջեւ փոխճանաչողության խթանման գործում:
Tags: Անկախության 22-րդ տարեդարձ
