Քենիայում եռօրյա սուգ է հայտարարվել

i (2)Քենիայում եռօրյա սուգ է հայտարարվել Նայրոբիում իրականացված ահաբեկչության զոհերի կապակցությամբ: Վերջին տվյալներով, զոհերի թիվը հասել է 67-ի, տուժել է 240 մարդ:

Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ մինչև հիմա հայտնի չէ, թե քանի մարդ է գտնվում քանդված առևտրի տան փլատակների տակ: Ներկայում փրկարարներն աշխատում են այդ  տեղանքում:

Ոստիկաններն ու զինվորները ստուգում են շենքը, քանի որ հնարավոր է, որ ահաբեկիչներ թաքնված լինեն այնտեղ:

“Մեր ազգը վիրավոր է, բայց ոչ գլխատված: Ահաբեկիչներին դիմադրության ժամանակ տուժել է 240 մարդ, զոհվել է 61 քաղաքացիական անձ և  անվտանգության ուժերի 6 ներկայացուցիչներ, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանցագործներին հաղթելու համար: Գրոհի ավարտին առևտրի կենտրոնի եռահարկ շենքը քանդվեց, ավերակների մեջ կարող են դիակներ լինել` նաև ահաբեկիչների”,-ասել է Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատան:

Սեպտեմբերի 21-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի խոշորագույն կենտրոնի վրա հարձակվեցին Սոմալիի իսլամական “Ալ-Շաբաբ” շարժման մասնակիցներն ու պատանդներ վերցրին:

Նրանց հիմնական պահանջն այն էր, որ Քենիան Սոմալիից դուրս բերի զորքերը: Պատանդներին հաջողվեց ազատել միայն սեպտեմբերի 24-ին: Զոհերի մեջ 10 օտարերկրացիներ էին` Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից ու Հարավային Կորեայից:

 

Tags: