Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է, որ միանում է «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությանը. «Ուրախությամբ հետևում եմ, թե ինչպես են մի խումբ եռանդուն երիտասարդներ ձեռնարկել և պատվով իրականացնում «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությունը, որը շատ պարզ, բայց միաժամանակ վեհ նպատակ ունի՝ օգնել կարիքավորներին:
«Դու միայնակ չես»….Կարծում եմ, այսքանով ամեն ինչ ասված է։ Իսկապես հրաշալի է հետևել, թե ինչպես է հայը անշահախնդրորեն նեցուկ կանգնում հային: Իմ խորին համոզմամբ, բարությունը և կողքինի հոգսի հանդեպ ոչ անտարբեր վերաբերմունքն են հային իսկապես բնորոշող գծերը, որոնցով պետք է հպարտանալ:
Ես ևս չէի կարող անմասն մնալ մարդասիրական այս նախաձեռնությունից ու իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու կազմակերպիչներին:
Անկեղծ համոզված եմ, որ այս նախաձեռնության շուրջ հավաքված մարդկանց թիվն օրեցօր բազմապատկվելու է, և նաև կոչ կանեմ քաղաքապետարանի աշխատակազմին ևս միանալ մարդասիրական այս նախաձեռնությանն ու հնարավորությունների սահմաններում աջակցել»,-գրել է քաղաքապետը:
