Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը քննելու համար Երևանի քաղաքապետարանի ստեղծած հանձնաժողովի մեջ ընդգրկված է նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց` առաջին հարցադրումը, որ բարձրացվելու է իրենց կողմից՝ որոշման ոչ իրավաչափ լինելն է:
Ըստ բանախոսի` քաղաքապետարանը խուսափում է խոստացված և օրենքով նախատեսված հանրային լսումներն իրականացնելուց, քանի որ դրանց կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական անձ, մինչդեռ այս հանձնաժողովում քաղաքացիական ակտիվից ներկայացուցիչ անգամ չկա: Տվյալ պարագայում, ըստ Բաբկեն Պիպոյանի, լուծում կարող է լինել ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությունը, եթե վերջիններս համախմբվեն և միասնաբար պահանջեն իրենց ներկայության ապահովումը քննարկմանը:
Հանձնաժողովի մյուս անդամների կարծիքներին անդրադառնալով` Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ընդհանուր առմամբ աշխատանքներին մասնակցելու է 36 անդամ, որից 12-ը կողմ են թանկացմանը, 7-ը բացասական դիրքորոշում են արտահայտել, 8-ը` փորձագետներ են, 6-ի տեսակետը պարզ չէ, իսկ 3-ի մասին ընդհանրապես ինֆորմացիա չկա:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահը վստահ է, որ քաղաքապետարանը հոգացել է հավաքել այնպիսի հանձնաժողով, որը միաձայն կընդունի իր ցանկացած որոշում: Գործն ավելի է բարդացել, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Բարև Երևան» դաշինքի անդամները հրաժարվել են մասնակցել քննարկմանը: «Անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ հարիսա չպատրաստենք, ապա մեր թղթե շերեփով հաստատ կփչացնենք նրանց` երկաթե շերեփներով պատրաստած հարիսան»,- վստահեցնում է Բաբկեն Պիպոյանը:
