«Այդ ես չեմ» ֆիլմը մեծ հաջողություններ ունեցավ «Կինոշոկ» փառատոնում

24.05.13-1294ոսկե ծիրան«Ոսկե ծիրան» 10-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում առաջին մրցանակի արժանացած «Այդ ես չեմ» ֆիլմը (ռեժիսոր` Մարիա Սահակյան) ԱՊՀ և Մերձբալթյան  «Կինոշոկ» կինոփառատոնում արժանացել է երկու պատվավոր մրցանակաների` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատոր» անվանակարգերում:  Ֆիլմի օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է: Հիշեցնենք նաև, որ «Այդ ես չեմ» ֆիլմը «Հայակ» 2-րդ  ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակին:  «Այդ ես չեմ»  ֆիլմը  հայոց շարականի` հետզհետե իմաստին մոտեցնող  9-մասանոց  տաղի սկզբունքով  է և շարունակում է զարգացնել Մարիա Սահակյանի առաջին լիամետրաժ աշխատանքի` «Փարոսի» բանաստեղծական մտահղացումը: Պատումի կենտրոնում 14-ամյա աղջկա` Եվրիդիկեի աշխարհն է. նա  ապրում է հասունացման տարիքի առաջին հուզավառ զգացմունքները: Ֆիլմը տպավորիչ և գեղարվեստական գույներով ներկայացնում է այդ անձնական աշխարհը, որը պտտվում է ինտերնետային չաթի սենյակների և բջջային հեռախոսի տեսապատկերների շուրջը: Կինոնկարի յուրօրինակությունը պատկերների և պոեզիայի երազային աշխարհն է (օգտագործված են Ռիլկեի բանաստեղծությունները Օրփեոսի և Եվրիդիկեի մասին, հենց Սահակյանի ստեղծագործությունները), որտեղ հայկական բնապատկերը ևս իր դերն ունի: Վերադառնում է մոր նախկին սիրեկանը` տեղիք տալով չնախատեսված հետևանքների և զուգահեռների: Սահակյանի խոսքերով` ֆիլմը, կոչված է արտացոլելու սիրո տարբեր չափումները: