«Նոր Հայաստան» շարժումը թևակոխել է իր ամենաարդիական հանգրվանը: Րաֆֆի
Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է արդեն անձամբ մասնակցել «Բարև Երևանի» բոլոր հավաքներին և ապրիլի 5 -ին կամրագրվի վերջնական հաղթանակը, քանի որ «Բարև Երևանը» միակն է, որ երիտասարդական է, միջկուսակցական, վերկուսակցական:
«Ժառանգության» առաջնորդը անդրադարձավ քաղաքական այն գործիչներին և ուժերին, որ փետրվարի 18 -ին ոչինչ չարեցին, բայց հիմա հետադարձ գնահատականներ են տալիս իրեն և ողջ շարժմանը. «Պետք է սկսենք յուրաքանչյուրս մեր մասին խոսել, մեր արածները գնահատել:Ոչ փառքը, ոչ էլ մեղքը միայն ինձ չէ, որ պատկանում են:Ապրիլի իննին ես պատրաստ չէի հաջորդ օրը ցավակցական ուղերձներ հղելու, ես պատրաստ չէի արյան ու բախումների: Այսօր ես վստահ եմ, որ ճիշտ եմ, որ հավատացի ընտրություններին, թեև գիտեմ, որ կեղծիքներ շատ կլինեն, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այսպես ևս հինգ տարի շարունակվել պարզապես չի կարող»:
«Ժառանգության» առաջնորդը չհերքեց, որ մարզային հանդիպումների ժամանակ նկատել է որոշակի զգացողություն, որը բնութագրեց հետևյալ կերպ. «Կար մի ժողովրդական ակնկալիք, որ առայժմ չարդարացվեց՝ թողեց մի դատարկ տեղ. չեմ կարող ասել, թե ինչով պետք է լցվի այդ դատարկ տեղը, դեռևս ոչ ոք չի կարող ասել, բայց ակնհայտ է, որ եթե ապրիլի իննին շարժվեինք այլ կերպ, հաջորդ օրը կունենայինք ողբերգության Հայաստան»:
