Անկրկնելի դերասան, մշակույթի նվիրյալ, խորագիտակ մտավորական, իրական ազգային գործիչ…

1380211_451888968264118_1116865737_nՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր  և խորհրդի անունից ցավակցագիր է հղել Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշվում է.

«Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացանք մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Սոս Սարգսյանի մահվան մասին: Անվանի դերասանի մահը մեծ կորուստ է հայ ժողովրդի  և համաշխարհային մշակույթի համար:

Անկրկնելի դերասան, մշակույթի նվիրյալ, խորագիտակ մտավորական, իրական ազգային գործիչ ու աննկուն քաղաքացի Սոս Սարգսյանը փայլուն չափանիշ է երիտասարդ սերունդների համար, իսկ նրա արվեստը՝ հավերժ մնայուն:

Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից պատիվ ունեցավ Սոս Սարգսյանի հետ կիսելու հանրային կյանքը վերափոխելու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու մեր նպատակն ու գործունեությունը, որը նոր որակ և ուժ ստացավ ազդեցիկ մտավորականի ճշմարտախոսության ու իմաստության շնորհիվ:

Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Սոս Սարգսյանի ընտանիքին, հարազատներին և ողջ հայ ժողովրդին:

Վստահ ենք, որ Մեծ մարդու և վառ անհատականության անունն ու գործը հավերժ կապրեն մեր պատմության էջերում և բոլորիս սրտերում»:

 

Tags: ,