Թուրքիայում ընթերցողների դատին է հանձնվել ևս մեկ գիրքը, որտեղ ներկայացվում է Հայոց ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայ կնոջ դառը ճակատագիրը: Ժամանակակաից լրագրողների միության նախագահ Ահմեդ Աբաքայը գրքի է վերածել իր մոր՝ 82-ամյա Հոշանայի կյանքի պատմությունը, որը ամբողջ կյանքի ընթացքում զավակներից ու թոռներից թաքցրել է իր հայկական ծագումը: «Հոշանայի վերջին խոսքը» գրքի առաջաբանում Ահմեդ Աբաքայը գրում է. «Մանուկ հասակից ալևիական մշակույթով մեծացած մի մարդ, մի կին, կարո՞ղ է արդյոք 82 տարի շարունակ իր ընտանիքից, երեխաներից, թոռներից ու շրջապատից թաքցնել իր հայկական արմատները: Մի գյուղ 82 տարի և այնուհետև այսօր լռու՞մ է»:
Ահմեդ Աբաքայը գրում է նաև, թե ինչպես մայրը իրեն պատմեց տարիներ շարունակ թաքցրած գաղտնիքը: «Ինչպես պատահեց, որ այդ օրը մայրս իր կրտսեր որդուն՝ ինձ իր մոտ կանչեց և պատմեց ողջ ճշմարտությունը: Հաջորդ օրը մի պատահարի հետևանքով նա կորցրեց գիտակցությունը, ապա մահացավ: Հոշանայի այս գաղտնիքը և կյանքի որոշ դրվագները թղթին հանձնելիս կարիք զգացի վերադառնալու իմ մանկության և երիտասարդության տարիներ»:
Tags: թուրքիա