Եթե ԱԺ-ն հավանություն տա, Արդարադատության ակադեմիան կգործի 2014-ի հունվարից

հրայր-թովմասյանԽորհրդարանում քննարկման դրվեց «Արդարադատության ակադեմիայի մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է միավորել դատական եւ դատախազական դպրոցները` ստեղծելով մեկ ընդհանուր դպրոց` Արդարադատության ակադեմիա:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ այդ փոփոխությունը ոլորտում առկա խնդիրներին արմատական լուծում տալու նպատակ ունի, և որ դատական ու դատախազական համակարգերի համար կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցում մեկ միասնական կառույցի գործառնության գաղափարը համահունչ է ժամանակակից միջազգային զարգացումներին:

Նախատեսվում է ուսուցումն անցկացնել դասախոսությունների, սեմինարների, դատախաղերի, դատարաններում կոնկրետ գործերին ծանոթանալու, կրթական արդի այլ եղանակներով ու մեթոդներով: Ակադեմիայի շրջանակներում աստիճանաբար իրականացվելու են դատական ու դատախազական համակարգերի կադրերի պատրաստմանը եւ վերապատրաստմանը ներկայացվող պահանջները:

Արդարադատության նախարարը հորդորեց կողմ քվեարկել օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելուն: Այն քվեարկության կդրվի վաղը:

Եթե օրինագիծն ընդունվի, Արդարադատության ակադեմիան կսկսի գործել 2014 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ կլուծարվեն ՀՀ դատական և դատախազական դպրոցները:

Հիշեցնենք, որ առաջին քննարկման ժամանակ օրինագծին դեմ էր արտահայտվել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա ճիշտ չի համարում դատավորների եւ դատախազների թեկնածուների` մեկ հարկի տակ սովորելու հանգամանքը: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ Հայաստանում նրանց շփումը պետք է հնարավորինս բացառել եւ ոչ թե միասնականացնել:

Tags: