ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

2ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով ԵԱՀԿ-ի տարածած հայտարարությանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահները ևս մեկ անգամ շեշտել են, որ Մինսկի խմբի երեք երկրներն էլ պատրաստակամ են աջակցելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծմանը: Նրանք նաև անդրադարձել են 2013թ.-ի հունիսի 18-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահների արած հայտարարությանը, որը հակամարտող կողմերին հատուկ կոչ է արել զերծ մնալ հռետորաբանությունից և այնպիսի գործողություններից, որոնք լարվածություն կառաջացնեն տարածաշրջանում ու կհանգեցնեն հակամարտության զարգացմանը։

Իրենց հերթին արտգործնախարարներն ևս մեկ անգամ հայտնել են հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու նպատակով Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը։

Նախատեսվում է` համանախագահները տարածաշրջան կայցելեն նոյեմբերին՝ երկու երկրների նախագահների հետ քննարկելու տարեվերջին ծրագրված հանդիպումը։

Tags: