Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիյեթը»՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ ամռան ամիսներին ամբողջ երկրում ընթացող «Գեզի» այգու համար ցույցերը մեծ վնաս են հասցրել երկրի հեղինակությանը աշխարհում: Բաբաջանի խոսքերով՝ վարկաբեկված հեղինակության վերականգնումը մի քանի ամիս կտևի:
Այս տարվա մայիս ամսվա վերջին Թուրքիայում լայնածավալ բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք որակվեցին որպես հակակառավարական: Ընդդիմությունը թուրքական ոստիկանությանը մեղադրեց ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման մեջ: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ շուրջ երեք շաբաթվա ընթացքում մոտ 2,5 միլիոն մարդ է մասնակցել ցույցերին երկրի 79 շրջաններում: Զանգվածային անկարգությունների հետևանքով վիրավորվել էր շուրջ 4 հազար մարդ, 4,9 հազար հոգի ձերբակալվել էր:
