ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել լրագրողների հետապնդումները: Վերջինս նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, ինչ սեպտեմբերի 27-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը վճիռ էր կայացրել 5 տարվա ազատազրկման դատապարտել “Թոլըշի սյադո” թերթի գլխավր խմբագիր, “Давай, до свидания!” տեսահոլովակի երգի հեղինակ Հիլալ Մամեդովին:
“2012-ին նոյեմբերին Բաքու կատարած պաշտոնական այցելության ընթացքում ես այցելել եմ Մամեդովին, այլ բանտարկյալ լրագրողներին և նրանց գործերը քննարկել այդ երկրի իշխանությունների հետ: Ինձ համար ցավալի է տեսնել, որ Ադրբեջանում ազատ լրատվամիջոցների համար անբարենպաստ պայմանները չեն բարելավվել, ավելին՝ դրանք աճում են, քանի որ ևս մեկ լրագրող երկարատև բանտարկության է դատապարտվել: Ես կոչ եմ անում իշխանություններին հանել բոլոր քրեական մեղադրանքները, որոնք առաջադրվել են Մամեդովի և մյուս բանտարկված լրագրողների դեմ ու ազատ արձակել նրանց”,- հայտարարել է Միյատովիչը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Միյատովիչը նաև անհանգստություն է հայտնել “Բիզիմ յոլ” թերթի լրագրող Փերվիզ Համիշլիի և “Nota PS” թերթի խմբագիր Սարդար Ալիբեյլիի կալանավորման առնչությամբ: “Ես խորապես անհանգստացած եմ անկախ լրատվամիջոցների շուրջ իրավիճակի բացասական զարգացմամբ հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին”,-հայտարարել է Միյատովիչը:
