«Հայաստանի վարչապետի գավաթ» հանդբոլիստների միջազգային հերթական`4-րդ մրցաշարը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ը Երևանի «Դինամո» մարզասրահում:
Նախկինում եթե այս ստուգատեսին մասնակցել են տարբեր երկրների հանդբոլիստների մեծահասակների հավաքականները, ապա այս տարի, արտասահամանյան երկրների ներկայացուցիչների խնդրանքով, կխաղան երիտասարդական թիմեր: Բանն այն է, որ Եվրոպայի հանդբոլի ֆեդերցիան որոշել է Հին աշխարհամասի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարերն անցկացնել 2014-ի նորամուտին` հունվարի 10-12-ին: Եվ երևանյան միջազգայինը հնարավորություն է լինելու, որպեսի թիմերն այդ ստուգատեսի նախապատրաստական փուլում միջազգային հանդիպումներ անցկացնեն, մրցակցական փորձ ձեռք բերեն: Դա ձեռնտու է նաև Հայաստանի հավաքականին, որը լրջորեն է նախապատրաստվում 8-րդ խմբում ընդգրկված մրցակիցների`Թուրքիայի և Ռումինիայի իրենց հասակակիցների հետ հանդիպումներին:
Ինչ վերաբերում է միջազգային մրցաշարի մասնակիցներին, ապա այս տարի Հայաստանի հանդբոլիստների մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Վրաստանի հավաքականները: Մեր սահմանակից Թուրքիայի ներկայացուցիչներին նույնպես հրավեր ուղարկվել է և պատասխան է սպասվում: Ամենայն հավանականությամբ, կխաղա նաև Արցախի երիտասարդական հավաքականը:
Tags: «Հայաստանի վարչապետի գավաթ», հանդբոլ, սպորտ
