Նորք-Մարաշ վարչական շրջանը նշում է իր տոնը

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ավանդական տոնին: Արդեն չորրորդ տարին անընդմեջ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշվող տոնն իսկական տոնախմբության է վերածվում ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև տոնին մասնակից բոլոր երևանցիների համար: Մայրաքաղաքի սիրված հանգստյան գոտիներից մեկը դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում տոնի շրջանակում կազմակերպվել էր համերգ:
Հին ու նոր Նորք-Մարաշը կամրջող յուրօրինակ դրսևորում էր նաև եկեղեցու բակում բացված նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Հին Նորքի ստեղծման պատմությունն ու ժամանակակից նկարիչների աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է ներկայացված գործերին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է նորքմարաշցիներին, այնուհետ ծաղիկներ դրել եկեղեցու տարածքում կանգնեցված զոհված ազատամարտիկների հուշարձանին, որից հետո մոմ է վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Նորք-Մարաշի տոնին յուրօրինակ խորհուրդ էր հաղորդում նաև պսակադրվող զույգերի այցը եկեղեցի, որոնց, օգտվելով առիթից, շնորհավորել ու երջանկություն է մաղթել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: