Ինդոնեզիայի մոտակայքում սուզված նավի տասնյակ ուղևորներ դեռևս անհետ կորած են համարվում

indonesia-asylu-seekersԻնդոնեզիայի կառավարության խոսնակի տեղեկություններով՝ Ինդոնեզիայի ափերի մոտակայքում իրաքցի և լիբանանցի տասնյակ ուղևորներով նավ է շրջվել, կա 22 զոհ:

Արևմտյան Ջավայի ափ հանված մարմինների շարքում կան նաև երեխաներ:

Ծովից կենդանի հանված 28 մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց:

Փրկարարները շարունակում են փնտրել 30 այլ մարդկանց, որոնք նավի շրջվելու պահին դրա վրա են գտնվել: Նրանց ճակատագիրը դեռ պարզ չէ: Նրանցից շատերը հնարավոր է նույնպես մահացած լինեն:

Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ նավի շրջվելու ստույգ պատճառը հայտնի չէ՝ ավելացնելով, որ նավի ուղևորներից ոմանք Իրաքից և Լիբանանից են եղել:

Նրա տեղեկություններով՝ հնարավոր է նավի վառելիքը վերջացած լինի, կամ նրանք չեն կարողացել նավը ղեկավարել:

Յուրաքանչյուր տարի Ինդոնեզիայի ափերի մոտակայքում դեպի օվկիանոս գնացող ուղևորներով լի նավեր են շրջվում:

Ավստրալիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նավը ուղևորվելիս է եղել Ավստրալիայի Ծննդյան կղզի, որը նման նավերի կայանման հիմնական վայրն է:

Որոշ մարդկանց համար Ավստրալիան հույսի երկիր է հանդիսանում, սակայն երկրի կառավարությունը նավերի շրջվելու բազմաթիվ դեպքերի պատճառով այս տարի փոխել է օրենսդրությունը և արգելել նավով ժամանող ներգաղթյալներին բնակվել Ավստրալիայում:

 

Tags: