Այսօր` սեպտեմբերի 30-ին, մեկնարկեց խորհրդարանի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական քառօրյա աշխատանքը:
Մինչ օրակարգը հաստատելը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ռուս սահմանապահերի միջադեպին:
“Արդյո՞ք պահանջել կամ ստացել եք համապատասխան տեղեկատվություն, և ընդհանրապես ի՞նչ իրավունքի ուժով են համապատասխան ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչները պետական սահմանից տասնյակ կիլոմետրեր հեռու իրականացրել այդպիսի գործողություններ և անցագրային կետ սահմանել”,-հարցրեց պատգամավորը:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դեպքի հաջորդ օրը հեռախոսազրույց է ունեցել Զարուհի Փոստանջյանի հետ, և վերջինս նշել է, որ շաբաթ օրը Սյունիքի մարզից վերադառնալուց հետո կհանդիպեն, և ինքն ավելի մանրամասն կտեղեկացնի միջադեպը. “Այդ հանդիպումը չստացվեց, երևի օբյեկտիվ պատճառներով, քանի որ ընտրություն էր տվյալ մարզում”,-ասաց նա:
Խորհրդարանի ղեկավարը նաև հայտնեց, որ այսօր առավոտյան ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից նամակ է ստացել, սակայն դեռևս չի հասցրել դրան ծանոթանալ: Նա հավաստիացրեց, որ ընդմիջման ժամին կծանոթանա նամակի բովանդակությանը և կհասկանա միջադեպի պատճառները:
“Միանշանակ համակարծիք եմ, որ Հայաստանի Հանրապետության սահմաններում օրենքը պետք է գործի ինչպես մեզ, այնպես էլ բոլորի համար, և եթե որևէ ոտնձգություն է եղել մեր գործընկերոջ կատմամբ, անպայման մենք կփորձենք համապատասխան գնահատական տալ”,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Tags: Ազգային ժողով
