Բաքվում սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Ադրբեջանի միացյալ ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիի հանրահավաքը: Հանրահավաքի մասնակիցները հանդես են եկել “Հանուն Ջամիլ Հասանլիի, փոփոխությունների համար”, “Մի՛ ընտրիր գողին, ընտրի՛ր ազնիվին”, “Հանուն Ղարաբաղի ազատազրկման” և այլ լոզունգներով:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Ջամիլ Հասանլիին իր աջակցությունն է հայտնել ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը` կոչ անելով նախագահ Իլհամ Ալիևին “անցկացնել նորմալ ընտրություններ և ինքնակամ հեռանալ, եթե վերջինս չի ուզում արժանանալ գահընկեց արված բռնատերերի ճակատագրին”: “Ըստ էության`Ալիևը ամբողջ ադրբեջանը դարձրել է մի մեծ բանտ”, -ասել է Գամբարը:
Ընդդիմադիր թեկնածուն Ալիևին մեղադրել է կոռուպցիայի և պետության գումարները փոշիացնելու մեջ: Հասանլիի թեկնածությունը առաջադրել է Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը. վերջինս միավորում է Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերի և խմբավորումների մեծ մասը:
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրությունները: Այս ընտրություններում առաջադրվել է նաև գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը, ով երկիրը ղեկավարում է 2003թ.-ից:
