Այսօր Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հանրությանն է ներկայացրել երկար սպասված բարեփոխումների փաթեթը, որը նպատակ ունի ամրապնդելու երկրում ժողովրդավարության հիմքները և ավարտին հասցնելու Քրդական հարցի լուծման գործընթացը՝ համաձայնության գալով Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ: Էրդողանը հայտարարել է, որ բարեփոխումների առաջարկված փաթեթը հանդիսանում է Թուրքիայի ժողովրդավարացմանն ուղղված տասնամյա աշխատանքի միայն մի մասը: «Այս բարփոխումները մշակվել են թուրք ժողովրդի միասնության պահպանման, ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական ազատությունների պաշտպանության համար»,-նշել է Էրդողանը:
Թուրքական «Ռադիկալը» ներկայացնում է առաջարկված բարեփոխումներից մի քանիսը: Այսպես նախատեսվում է ասորիներին վերադարձնել Մոր Գաբրիելի վանական համալիրը, տեղաանուններին վերադարձնել իրենց պատմական անունները, վերջ դնել քաղաքական պատճառներից ելնելով տարածքների անվանափոխության պրակտիկային, թույլ տալ դասավանդել օտար լեզուներով մասնավոր դպրոցներում, փոխել ցույցերի, երթերի անցկացման կանոնները, խստացնել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների պատիժը, քննարկել ընտրությունների անցկացման փոփոխման հավանականությունը, թույլատրել գլխաշորի կրումը պետական կառույցներում և այլն:
Բարեփոխումների փաթեթի հրապարակումից անմիջապես հետո մի շարք վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև հասարակ քաղաքացիները սկսել են լայնորեն քննարկել օրենսդրական նոր փոփոխությունները: Ընդհանուր առմամբ բարեփոխումները գնահատվում են բավական համուզիչ, սակայն ոմանց մոտ՝ մասնավորապես քրդերի, դրանք այնուհանդերձ դժգոհություն են առաջացրել:
Tags: Թայիփ Էրդողան
