Հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ ծրագրի նպատակն անձնական ֆինանսների «գրագետ» կառավարումն է, որը ֆինանսական կրթման մակարդակի բարձրացման հետ մեկտեղ ֆինանսական բարեկեցության և սոցիալական վիճակի բարելավման կարևոր նախադրյալներից է: Նա ընդգծել է, որ ծրագիրը կարևոր է հատկապես մարզերի համար,որտեղ մարդիկ առավել քիչ են օգտվում ֆինանսական ծառայություններից:
Արմենակ Դարբինյանը նշել է, որ «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրին մասնակցում են ֆինանսական համակարգի գրեթե բոլոր ոլորտների կառույցները՝ ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի, Վարկային կազմակերպությունների միությունները, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանիհիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի ավտոապահովագրողներիբյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, առևտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային կազմակերպությունները, ինչպես նաև ԱՄՆ-ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, KfW – Գերմանական Զարգացման բանկը, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը:
ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանը ներկայացրել է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները. իրականացվելու են բազմազան մրցույթներ (պատկերապատման մրցույթ «Ապահովագրությունը մարդու կյանքում» թեմայով, լուսանկարների մրցույթ «Խնայողություններ» թեմայով, հեռախոսային հավելվածի մրցույթ «Բյուջեի պլանավորում թեմայով», երեխաների նկարների մրցույթ «Ես և փողը» և «Փողը իմ ընտանիքում» թեմաներով), ավտոբուսով ֆինանսական շրջագայություն, «Երազանքների պատի» կառուցում, հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, ինտերակտիվ դասընթացներ, բացօթյա ցուցահանդես, ֆինանսական կազմակերպություններում բաց դռների օրերև այլ միջոցառումներ: Միամսյակը կեզրափակվի հոկտեմբերի 31-ին՝ Խնայողությունների միջազգային օրը:
Միջոցառումներին և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է www.abcfinance.am կայքում, ինչպես նաև համանունfacebook-յան էջում:
Նշվել է նաև, որ «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրից զատ, Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ներքո ֆինանսական իրազեկմանն ուղղված միջոցառումներ իրականացվում են մշտապես:
Tags: հհ կբ