Այսօր խորհրդարանում իր թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը: Նա ներկայացրեց գլխավոր դատախազության գործունեության արդյունավետության բարձրացման ուղղված այն միտումներին ու նպատակներին հասնելու միջոցները, որոնք, ըստ նրա, կարող են իրականացվել հնարավորինս սեղմ ժամկետներում:
Առաջին հերթին դա Հայաստանի Հանրապետությունում` հատկապես դատախազական համակարգում, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարն է և ոչ պրոֆեսիոնալ դատախազներից ազատվելը. «Ոչ պրոֆեսիոնալ դատախազն, իմ կարծիքով չարիք է, քանի որ նրա ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով կարող են ընդմիշտ խեղվել մարդկային ճակատագրեր: Դատախազության ցանկացած պաշտոնյա, ով համաձայն չէ այն ձևակերպման հետ, որ կոռուպցիան ու ոչ պրոֆեսիոնալիզմը տեղ չունեն դատախազական համակարգում, շատ շուտով իրենք տեղ չեն ունենա համակարգում, սա քննարկման առարկա հանդիսանալ չի կարող»,-ընդգծեց նա:
Կոստանյանն իր պաշտոնավարության կարևորագույն խնդիրներից է համարելու նաև այն, որ դատախազը չի կարող լինել կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքականությամբ: Նման ցանկություն ունեցող դատախազներին կտրվի հնարավորություն քաղաքականությամբ զբաղվելու, բայց մի պայմանով` լիազորությունները վայր դնելուց հետո:
Անդրադառանլով անպատժելիության մթնոլորտի մասին առկա տեսակետին, նա ասաց, որ համաձայն չէ, որ դա համատարած բնույթ է կրում, սակայն համարում է, որ մեկ դեպքն իսկ բավական է նման տրամադրությունների վրա ազդելու համար, հետևաբար իր կարևորագույն նպատակներից մեկն է դարձնելու այն, որ ապահովվի օրենքի առջև բոլորի հավասարությունը, հանցագործները ստանան համարժեք պատիժ, և հարգվեն գործին առնճվող բոլոր կողմերի դատավարական իրավունքները:
Անդրադառնալով պետության համար գլխավոր դատախազությանը վերապահված հույժ կարևոր լիազորություններին` քրեական հետապնդում հարուցելը, հետաքննության և նախաքննության օրինականությանմ նկատմամբ հսկողությունը, մեղադրանքի պաշտպանումը դատարանում, պետական շահերի պաշտպանության հայցի հարուցումը դատարան, դատարանների վճիռների, դատավճիռների որոշումների բողոքարկումը և պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը, նա ասաց, որ դրանց թվարկումն, անգամ, բավական է, որ նույնիսկ ոչ իրավաբան մասնագետը պատկերացնի, թե իրեն վերապահված լիազորություններից ցանկացածի իրականացման ժամանակ թույլ տրված թեկուզ աննշան թերությունն ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ ողջ համակարգի և պետության համար:
Կոստանյանը նաև ընդգծեց, որ քաղաքակիրթ հասարակության մեջ մեկ անձի նկատմամբ կատարված հանցանքը հանցանք է բոլորի նկատմամբ` նշելով, որ այս գաղափարի պաշտպանության վրա է կառուցվում ցանկացած երկրի դատախազական համակարգը. «Այլապես, մենք ունենում ենք մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուրն ինքնուրույն է պաշտպանվում հանցագործութնուններից, ինչն էլ իր հերթին բերում է մի իրավիճակի, որտեղ գործում է ուժեղի իրավունքը, ինչը հարիր չէ քաղաքակիրթ հասարակությանը և բացարձակ անընդունելի»,-ասաց նա:
Կոստանյանը նաև արձանագրեց, որ մեր պետության առջև այսօր ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս ունենալ այնպիսի պետություն, որտեղ բոլորն ապրում են ապահով և բարեկեցիկ կյանքով` նշելով, որ դա որոշ դեպքերում կախված է օբյեկտիվ պատճառներից: Սակայն, ըստ նրա, արդարադատության համակարգում հաջողության հասնելու համար ամեն ինչ բացառապես կախված է մեզանից, և այստեղ բոլոր խնդիրները սուբյեկտիվ են: «Այս հարցում մեր առջև չկա ոչ մի օբյեկտիվ խոչընդոտ, ոչ ոք մեզ չի խանգարում, պատասխանատուն միայն մենք ենք և պետք է պահանջենք միայն և միայն մեզանից»,-ասաց նա
Նա համոզմունք հայտնեց, որ խստագույնս պահպանելով օրինականության սկզբունքը` կարելի է կարճ ժամանակահատվածում հասնել այնպիսի արդյունքների, որոնք ոչ միայն կարտացոլվեն վիճակագրութան մեջ, այլև տեսանելի կլինեն հասարակության համար և կփոխեն արդարադատության նկատմամբ հասարակական ընկալումը:
Զինդատախազն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդրին և նշեց, որ անհրաժեշտ է որդեգրել պատժի նկատմամբ նոր` քսանմեկերորդ դարին հարիր մոտեցումներ: «Հանցագործություն կատարած անձին պատժելու իմաստը սոցիալական արդարության վերականգնումն է, պատժի ենթարկված անձի ուղղումն ու նոր հանցագործութնունների կանխումը, ոչ թե այդ անձին հասարակությունից մկուսացնելն ու որոշ ժամանակ անց նրա մասին մոռանալը»:
Ամփոփելով խոսքը` նա հայտարարեց, որ իրավական պետության կառուցման, օրենքի առաջ բոլորի հավասարության, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձին համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրակամացվող գործընթացը ՀՀ դատախազությունն ի զորու չէ կատարել միայնակ, և որ այս գործընթացում մեծ կարևորություն ունեն ողջ արդարադատության համակարգն ու արդարադատությանը նպաստող բոլոր օղակների համակարգված և քրտնաջան աշխատանքը` առաջին հերթին դատական համակարգը, առանց որի պատշաճ աշխատանքի իրավական պետության կառուցման հնարավորությունը վտանգված է:
Tags: Ազգային ժողով, Գևորգ Կոստանյան
