Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքում նշանավոր հայ երգիչ Շարլ Ազնավուրը մասնակցել է իր անվան կոնգրես սրահի բացման արարողությանը: Հարցազրույց տալով տեղական «Le Dauphine» թերթին՝ UNESCO-ում Հայաստանի դեսպանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ազնավուրը նախ հիշել է, որ 3 տարի առաջ Փարիզում հանդիպել է Հայաստանի նախագահի հետ՝ նշելով «Հայաստանի դռները իսլամադավան հայկական սփյուռքի առաջ բացելու անհրաժեշտության մասին», սակայն մինչ այսօր Հայաստանից այս հարցի վերաբերյալ ոչ մի պատասխան չի ստացել:
«Ակօս»-ի հաղորդմամբ՝ Ազնավուրը կողմն է արտահայտվել Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանը՝ նշելով, որ մեծ թվով հայեր դեմ են սրան: Հանրահայտ երգիչը նաև հիշատակել է, որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, սակայն դրանից ավելի կարևոր խնդիր է համարել հայ-թուրքական սահմանի բացումը: Ազնավուրը պատմել է, որ երիտասարդ տարիքում մեկ անգամ այցելել է Թուրքիա, սակայն կրկին կցանկանար այցելել մոր ծննդավայրը՝ Փարիզում ապրող թուրք գրող Նեդիմ Գյուրսելի ուղեկցությամբ:
Tags: Շարլ Ազնավուր