Այսօր Ադրբեջանում տեղի է ունեցել Գրողների միության քարտուղարության նիստ, որի ժամանակ քննարկվել է առաջիկայում երկրում սպասվող նախագահական ընտրությունները: Նիստի մասնակիցները հույս են հայտնել, որ ընտրությունները կանցնեն թափանցիկ և ժողովրդավար՝ ընդգծելով քաղաքակիրթ, էթիկայի նորմերին համապատասխան քաղաքական դեբատների անցկացման կարևորությունը: Գրողների կարծիքով՝ նախագահի թեկնածուները իրար պետք է ընդունեն որպես քաղաքական հակառակորդների, այլ ոչ թե թշնամիների, քանի որ հակառակ պարագայում ծագած հակասությունները կարող են հանգեցնել «ադրբեջանական աշնան» առաջացմանը՝ «արաբական գարնան» օրինակով:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդը»՝ ադրբեջանցի գրողները հայտնել են, որ նախագահական ընտրություններում միաձայն աջակցում են թեկնածու Իլհամ Ալիևին: Գրողների միությունը գրական հանրությանը կոչ է արել հեկտեմբերի 9-ին քվեարկելու գործող նախագահի օգտին:
Հետաքրքիր երկիր է Ադրբեջանը. այստեղ ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտող ու խոսքի ազատությունը ոտնահարողները ստանում են «Լրագրողների ընկեր» մրցանակի նման դափնիներ, իսկ գրողները կոչ են անում վերընտրել այն նախագահին, ում օրոք այրում էին իրենց նման գրողի՝ Աքրեմ Այլիսլիի գրքերը՝ նրան դատապարտելով վռնդման սեփական երկրից:
Tags: ադրբեջան
