Բրիտանական օրեր Հայաստանում

Britain is….

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսի մամուլի ասուլիսը: Երևանում Բրիտանական դեսպանատունը իր համախոհ կազմակերպությունների հետ համատեղ՝ Բրիտանական խորհուրդ, Ժամանակակից արվեստի ինստիտուտ, «Դիմ» քոմյունիքեյշնզ, Գաֆեսչյան արվեստի միություն, հոկտեմբերի 1-31ը Հայաստանում անցկացնում են Բրիտանական օրեր:

Britain is…խորագիրը կրող նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել Բրիտանիայի արվեստն ու մշակույթը, սպորտն ու կրթությունը, երաժշտությունն ու բիզնեսը:

 

IMG_7716Հիմնական միջոցառումները խտացված են հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, սակայն ամսվա ընթացքում նույնպես նախատեսվում են ծրագրեր:

 

Բրիտանիան դեմոկրատիա է… այս խորագրի տակ Բրիտանական դեսպանատան հրավերով` Հայաստան կժամանի Լանս Փրայսը, ով անգլիական Լեյբորիստական կուսակցության հաղորդակցության բաժնի ղեկավարն է եղել 2000-2001թթ, ինչպես նաև վարչապետ Թոնի Բլեյերի հատուկ խորհրդականը 1998-2000թթ: Լանսը փորձի փոխանակման հանդիպումներ և քննարկումներ է ունենալու լրագրողների, մամուլի քարտուղարների և համանման ոլորտների ներկայացուցիչների հետ:

Լենս Փրայսը՝ «Բրիտանական մամուլի զարգացումը» հանրային զեկույցով հանդես կգա  բաց լսարանի համար հոկտեմբերի 3-ին ժամը 10ին Ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան սրահում:

 

Բրիտանիան կինոարվեստ է… այս խորագրի շրջանակում՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտի հետ համատեղ, Բրիտանական դեսպանատունը ներկայացնում է Բրիտանական վավերագրական կինոարվեստը: Հայաստան կայցելի Շոն Մքալիստրը, ով կանցկացնի վարպետության դասեր երիտասարդ ռեժիսորների համար, իսկ Նաիրի կինոթատրոնում կցուցադրվեն նրա ֆիլմերը:

 

Բրիտանիան Արվեստ  է… Բրիտանական խորհրդի նախագիծը ՀայՖեստ թատերական փառատոնի շրջանակում: «1927» Բրիտանական թատերախումբը հիանալի ներկայացմամբ հանդես կգա հայ հանդիսատեսի առաջ: Ներկայացնելով Բրիտանական արվեստի ժամանակակից և անվախ լուծումները:    Հոկտեմբերի 26-ին կրկին Բրիտանական խորհրդի հետ համատեղ Դիլիջանում կնշվի բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտենի հարյուրամյակը:

 

Բրիտանիան Կրթություն է… արժևորելու համար ուսուցիչների օրը Բրիտանական դեսպանատունը դեսպանի ընդունելության ժամանակ մարզերի և Երևանի անգլերեն լեզվի ուսուցիչներին Միացյալ թագավորության քարտեզներ է տրամադրելու, որ ավելի մատչելի դառնա առարկայի ուսուցանումը:

 

 

Բրիտանիան գիտություն է… 8 բրիտանացի աստրոֆիզիկ Հայաստան են ժամանելու մասնակցելու Աստրոֆիզիկների միջազգային կոնգրեսին:

 

Բրիտանիան բիզնես է… Միջազգային ճանաչում ունեցող Ֆրեշֆիլդս իրավաբանական  կազմակերպությունը կկազմակերպի բիզնես կոնֆերանս նվիրված «ներդրումներ Բրիտանիայում » թեմայով: Իսկ ամսվա վերջում HSBC բանկը կներկայացնի ձեռներեցության մասին աշխատաժողովը:

 

Բրիտանիան սպորտ է… Հոկտեմբերի 19-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպվելու է Ֆուտբոլային խաղ Մանչեստր Յունայթեդի և Արսենալի երկրպագուների միջև:  

 

Բրիտանիան զվարճանք է… Հոկտեմբերի 4-ին՝ համագործակցելով «Դիմ» քոմյունիքեյշնզի հետ դեսպանատունը իրականացնելու է «Փաբ հարցուպատասխան» Բրիտանիային առնչվող թեմաներով: Իսկ Գաֆեսչյան արվեստի միության հետ միասին Կասկադ համալիրի մոտ կկազմակերպվի բացօթյա երաժշտության երեկոներ:

 

Միջոցառումների մասին առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրվելու է դեսպանատան Ֆեյսբուքի և Թվիթերի էջում: Դեսպանատունը նախընտրում է միջոցառումների մասին տեղեկատվությունը տարածել էլեկտրոնային տեսքով՝ խնայելու ու  առավել կանաչ պահելու համար բնությունը Հայաստանում ու Բրիտանիայում:

 

Պատասխանատու Լիլիթ Քալանթարյան

Բրիտանական դեսպանատան հաղորդակցության հարցերով ղեկավար

Tags: