Խորհրդարանում այս պահին ընթանում է ՀՀ նախագահի կողմից Ազգային ժողովին ներկայացված գլխավոր դատախազի թեկնածուի քվեարկությունը:
Մինչ այդ ԱԺ խմբակցություններն իրենց տեսակետը հայտնեցին գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի վերաբերյալ և թե ինչպես են քվեարկելու:
Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իր համար չափանիշն այն է, որ ընտրվելու է ոչ թե անձ, այլ թե կարո՞ղ է այդ անձը փոխել դատաիրավական համակարգը:
Նրա կարծիքով` Անկախությունից ի վեր դատախազությունը ռեպրեսիվ մուրճ է քաղաքական դաշտում: Նա հիշեց 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո կատարված դեպքերը և նշեց, որ այդ ժամանակ պարզ աարձավ, որ սա համակարգ է, որը թույլ չի տալիս պետության մեջ արդարություն իրականացնել:
“Պարոն Կոստանյանի դեմ ոչինչ չունեմ, հրաշալի հանդիպում տեղի ունեցավ` ճշգրիտ բառամթերքով, նորմալ եզրույթներով, պրոֆեսիոնալ կեցվածքով, և ուրախ կլինեմ, որ եթե իսկապես նորմալ պետություն լինենք, սերնդափոխությունը էս տեսակով կատարվի: Բայց էդքան միամիտ չենք, որ հավատանք, թե անհատը կարող է արմատապես փոխել իրավիճակը: Իրական կյանքում մի ծաղկով գարուն չի գալիս` գոնե մեզ մոտ»:
Նա կասկածում է, որ այդ “հրաշալի երիտասարդը” կարող է պայքարել համակարգի դեմ:
Ռուբեն Հակոբյանը պատրաստ է սխալվելու դեպքում գալ և խորհրդարանի ամբիոնից ներողություն խնդրել: Ժառանգությունը դեմ է քվեարկելու, միաժամանակ վստահեցնում, որ կլինեն գլխավոր դատախազի կողքին, եթե հանկարծ քաղաքական իշխանությունը պատվեր բերի նրա մոտ, և ինքը դիմի իրենց օգնության խնդրանքով:
ՀՅԴ խմբակցության տեսակետն արտահայտեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նույնպես նշեց, որ Կոստանյանի հետ հանդիպումից հետո դրական տպավորություն են ստացել և միայն ուրախ կլինեն, եթե նա իր պաշտոնավարման ընթացքում առաջնորդվի իր իսկ հայտարարած սկզբունքերով և կարողանա նաև փոխել իր նկատմամբ հանրային ընկալման այսօրվա վիճակը:
Նա հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցության պատգամավորներն ազատ են լինելու քվեարկության մեջ:
ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արամ Մանուկյանը: Նրա խոսքով` թեկնածուն խորհրդարան է եկել ծանր ժառանգությամբ, որը թողել է «դռնապաշտ» նախկին դատախազը: Այդ ժառանգությունն այժմ Կոստանյանի ուսերին է` շուրջ 20 աղմկոտ չբացահայտված սպանություններ, քաղաքական ակտիվիստների, քաղաքական ուժերի դեմ պայքար, բանակում տեղի ունեցած սպանություններ և այլն:
ՀԱԿ պատգամավորը համոզված է, որ Գևորգ Կոստանյանը չի կարողանալու լուծել այդ խնդիրները, քանի որ դրանք համակարգային են:
Այնուամենայնիվ, նրանք նոր գլխավոր դատախազի առջև կդնեն իրենց հուզող որոշ խնդիրներ`մարտի 1-ի դեպքերի բացահայտում, քաղբանտարկյալների խնդիր. «Կլուծեք, կլուծեք, ոչ, մեր վերաբերմունքը չի փոխվի: Բայց կարծում ենք` դուք չեք կարողանա այդ խնդիրները լուծել»:
Ուստի ՀԱԿ խմբակցությունը նույնպես դեմ է քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը:
ՀՀԿ խմբակցության կողմից ելույթ ունեցավ Գալուստ Սահակյանը և նշեց, որ ակնհայտորեն թեկնածուն դրականորեն է դիտարկվում բոլոր խմբակցությունների կողմից, և տպավորությունը բավականին արժանահավատ է: «Թեկնածուին պետք է տեսնել էնպես, ինչպես կա: Ես որսացել եմ բարեկրթությունը և բարեկրթությանն էլ ձայն եմ տալու»,-ասաց նա:
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որևէ լուրջ հիմնավորմամբ բացասական ելույթ տեղի չունեցավ, բացի մաղձից. «Դուք շատ լավն եք, ասելիք չունենք, բայց դեմ ենք քվերակելու: Ինձ համար անհասկանալի է այս մոտեցումը: Դեմ եք, որովհետև նախագա՞հն է ներկայացրել, թե՞ որ մեծամասնությունը պաշտպանելու է»:
Նա կոչ արեց ճիշտ գնահատել երևույթները և հնարավորություն տալ ապագա գլխավոր դատախազին, որպեսզի մեր երկրում իշխի օրենքը, և բոլորը օրենքի առջև լինեն հավասար. «Այո, հնարավոր է, որ անձը համակարգում վճռական փփոխություներ կատարի, գերատեսչության ղեկավարից շատ բան է կախված»,-ամփոփեց նա:
Գևորգ Կոստանյանն իր եզրափակիչ շնորհակալություն հայտնեց պատգամավորներին կառուցողական քննարկումների համար և ասաց, որ իր առջև նաև անձնական խնդիր է դրված, որպեսզի իր երեխան, անկախ նրանից, ինքը դատախազ կլինի, թե ոչ, որևէ տարբերություն հասարակության կողմից իր նկատմամբ չզգա:
Tags: Ազգային ժողով