Գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի թեկնածությունը հաստատվեց. կողմ` 103, դեմ` 3

A4F0E2B2-EF14-4FC1-934D-4BD06004B76B_mw1024_n_sԽորհրդարանում հենց նոր հայտարարվեցին ՀՀ նախագահի կողմից Ազգային ժողովին ներկայացված գլխավոր դատախազի թեկնածուի փակ, գաղտնի քվեարկության արդյունքները. Գևորգ Կոստանյանի թեկնածության օգտին է քվեարկել քվերակությանը մասնակցած 108 պատգամավորներից 103-ը, դեմ` 3-ը, 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Նշենք, որ ԱԺ խմբակցություններից երկուսը` Ժառանգությունն ու ՀԱԿ-ը հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու, ՀՅԴ-ն քվեարկելու էր ազատ ձևաչափով, ԲՀԿ-ն մինչ քվեարկությունը դիրքորոշում չէր արտահայտել, ՀՀԿն ու ՕԵԿ-ը պաշտպանելու էին Կոստանյանի թեկնածությունը:

Մինչ քվեարկությունը Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ իր համար չափանիշն այն է, որ ընտրվելու է ոչ թե անձ, այլ թե կարո՞ղ է այդ անձը փոխել դատաիրավական համակարգը:

Նրա կարծիքով` Անկախությունից ի վեր դատախազությունը ռեպրեսիվ մուրճ է քաղաքական դաշտում: Նա հիշեց 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո կատարված դեպքերը և նշեց, որ այդ ժամանակ պարզ աարձավ, որ սա համակարգ է, որը թույլ չի տալիս պետության մեջ արդարություն իրականացնել:

“Պարոն Կոստանյանի դեմ ոչինչ չունեմ, հրաշալի հանդիպում տեղի ունեցավ` ճշգրիտ բառամթերքով, նորմալ եզրույթներով, պրոֆեսիոնալ կեցվածքով, և ուրախ կլինեմ, որ եթե իսկապես նորմալ պետություն լինենք, սերնդափոխությունը էս տեսակով կատարվի: Բայց էդքան միամիտ չենք, որ հավատանք, թե անհատը կարող է արմատապես փոխել իրավիճակը: Իրական կյանքում մի ծաղկով գարուն չի գալիս` գոնե մեզ մոտ»:

Նա կասկած էր հայտնել, որ այդ “հրաշալի երիտասարդը” կարող է պայքարել համակարգի դեմ:

Ռուբեն Հակոբյանը պատրաստակամություն էր հայտնել սխալվելու դեպքում գալ և խորհրդարանի ամբիոնից ներողություն խնդրել: Միաժամանակ Հակոբյանը վստահեցրել էր, որ Ժառանգությունը կլինի գլխավոր դատախազի կողքին, եթե հանկարծ քաղաքական իշխանությունը պատվեր բերի նրա մոտ, և ինքը դիմի իրենց օգնության խնդրանքով:

ՀՅԴ խմբակցության տեսակետն արտահայտել էր խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նույնպես նշել էր, որ Կոստանյանի հետ հանդիպումից հետո դրական տպավորություն են ստացել և միայն ուրախ կլինեն, եթե նա իր պաշտոնավարման ընթացքում առաջնորդվի իր իսկ հայտարարած սկզբունքերով և կարողանա նաև փոխել իր նկատմամբ հանրային ընկալման այսօրվա վիճակը:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել էր Արամ Մանուկյանը: Նրա խոսքով` թեկնածուն խորհրդարան է եկել ծանր ժառանգությամբ, որը թողել է «դռնապաշտ» նախկին դատախազը: Այդ ժառանգությունն այժմ Կոստանյանի ուսերին է` շուրջ 20 աղմկոտ չբացահայտված սպանություններ, քաղաքական ակտիվիստների, քաղաքական ուժերի դեմ պայքար, բանակում տեղի ունեցած սպանություններ և այլն:

ՀԱԿ պատգամավորը համոզմունք էր հայտնել, որ Գևորգ Կոստանյանը չի կարողանալու լուծել այդ խնդիրները, քանի որ դրանք համակարգային են:

Այնուամենայնիվ, նրանք նոր գլխավոր դատախազի առջև կդնեն իրենց հուզող որոշ խնդիրներ`մարտի 1-ի դեպքերի բացահայտում, քաղբանտարկյալների խնդիր. «Կլուծեք, կլուծեք, ոչ, մեր վերաբերմունքը չի փոխվի: Բայց կարծում ենք` դուք չեք կարողանա այդ խնդիրները լուծել»:

ՀՀԿ խմբակցության կողմից ելույթ էր ունեցել Գալուստ Սահակյանը և նշել, որ ակնհայտորեն  թեկնածուն դրականորեն է դիտարկվում բոլոր խմբակցությունների կողմից, և տպավորությունը բավականին արժանահավատ է: «Թեկնածուին պետք է տեսնել էնպես, ինչպես կա: Ես որսացել եմ բարեկրթությունը և բարեկրթությանն էլ ձայն եմ տալու»,-ասել էր նա:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որևէ լուրջ հիմնավորմամբ բացասական ելույթ տեղի չունեցավ, բացի մաղձից. «Դուք շատ լավն եք, ասելիք չունենք, բայց դեմ ենք քվերակելու: Ինձ համար անհասկանալի է այս մոտեցումը: Դեմ եք, որովհետև նախագա՞հն է ներկայացրել, թե՞ որ մեծամասնությունը պաշտպանելու է»:

Նա կոչ էր արել ճիշտ գնահատել երևույթները և հնարավորություն տալ ապագա գլխավոր դատախազին, որպեսզի մեր երկրում իշխի օրենքը, և բոլորը օրենքի առջև լինեն հավասար. «Այո, հնարավոր է, որ անձը համակարգում վճռական փփոխություներ կատարի, գերատեսչության ղեկավարից շատ բան է կախված»,-ամփոփել էր նա:

Գևորգ Կոստանյանն իր եզրափակիչ շնորհակալություն էր հայտնել պատգամավորներին կառուցողական քննարկումների համար և ասաց, որ իր առջև նաև անձնական խնդիր է դրված, որպեսզի իր երեխան, անկախ նրանից, ինքը դատախազ կլինի, թե ոչ,  որևէ տարբերություն հասարակության կողմից իր նկատմամբ չզգա:

Tags: ,