Ազգային ժողովն այսօր քննարկեց ՀՀ նախագահի առաջարկած համաներման նախագիծը: ՛՛Համաներումը սովորաբար կիրառվում է ազգային,
պետական տոների կապակցությամբ: Այս դեպքն էլ բացառություն չէ՛՛, – նախագիծը ներկայացնելիս իր խոսքում նշեց գլխավոր զեկուցող՝ ՀՀ
արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ շեշտելով, որ, ինչպես միշտ, այնպես էլ հիմա համաներման գլխավոր մեկնաբանությունը
մարդասիրությունն է, սակայն ոչ բոլորը կարող են օգտվել նախագահի մարդասիրությունից. ՛՛Համաներումը չի տարածվի պատիժը կրելու
կիրառման ժամանակահատվածը չարամտորեն խախտող ազատազրկվածների վրա: Նաև չի վերաբերվի նրանց, ում պատժի
չափը վերջին տասը տարվա մեջ կրճատվել է, գեթ մեկ անգամ ներել են: Երկրորդ անգամ պետք չէ մարդասիրություն ակնկալել: Փոխարենը
համաներման պատմության մեջ առաջին անգամ այն կառնչվի ծանր հանցագործություն կատարած անձանց, որոնց պատժաչափը կկրճատվի
մի քանի ամսով: Սակայն համաներումը չի վերաբերի ցմահ ազատազրկման դատապարտվածներին՛՛, – տեղեկացրեց նախարարը:
Հրայր Թովմասյանը դեռևս չի կարող ասել, թե հատկապես քանի ազատազրկման դատապարտված անձի կվերաբերի համաներման
ծրագիրը, միայն պնդում է, որ մոտ 400-500 անձ ազատ կարձակվեն համաներման նախագիծն
ընդունվելուն պես: Համաներման շերտերը տարբեր են. ոմանք ազատ կարձակվեն, ոմանց պատիժը կփոխարինվի պատժի մեկ այլ
տարբերակով, ոմանց պատժաչափը կկրճատվի այս կամ այն տոկոսով:
–
Լարա Առաքելյան

