Տավուշի մարզի Բերդի շրջանի մի խումբ բնակիչներ «Փրկեք մեզ» խնդրանքով նամակ են ուղարկել Tert.am-ին, որով բողոքում ու պահանջում են` փրկել իրենց «մարդասպան», «հանցագործ», Բերդի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանի ճիրաններից:
Նամակում նշված է, որ բնակիչները նրա հանցանքների մասին բազմիցս տեղեկացրել են իշխանություններին, պատասխանատու մարմիններին, սկսել են դատական գործընթացներ, սակայն մարդասպանը անպատիժ ու հանգիստ խղճով դեռ զբաղեցնում է իր պաշտոնը` հովանավորվելով իր հանցակից վերնախավի կողմից: Բնակիչները հանդես են գալիս փաստերով ու ապացույցներով, որոնք դատարանները, ըստ նրանց, կոծկում են Արամ Հարությունյանի կաշառքների շնորհիվ:
«Դեռևս Արցախյան պատերազմի տարիներին Արամ Հարությունյանը անպատժելիորեն յուրացրել է սահմանամերձ բնակավայրերին ու հայրենիքի պաշտպաններին ուղարկվող օգնությունները: Պատերազմի տարիներին նա վիրավորների մեծ մասին անդամալույծ դարձրեց` անհարկի կտրելով նրանց վնասված ձեռքերն ու ոտքերը, քանի որ դա ավելի հեշտ ու էժան էր, քան վերջույթը փրկելու համար նախատեսվող բուժումը:
Ունենալով հոգեկան լուրջ շեղումներ` նա Բերդի հիվանդանոցում ստեղծեց այնպիսի մթնոլորտ, որ բոլոր լավ մասնագետները հեռացան:
Այս` գրեթե 30 տարիների ընթացքում Հարությունյանը չի իրականացրել մի վիրահատություն, որ չանցնի առանց բարդությունների ու հավելյալ վիրահատության անհրաժեշտության: Տավուշի մարզի քաղաքացիները ունեն փաստեր, թե ինչպես է նա հրամայում իր աշխատողներին կեղծել անալիզների արդյունքները և ստեղծել անհրաժեշտ վիրահատության պատրանք` անհարկի հեռացնելով իրեն դիմած հիվանդների 12-մատնյա աղիքի որդանման հավելվածները` «կույր աղիքները», չամուսնացած աղջնակների առողջ ձվարաններից մեկը: Բնակիչները տարիներ շարունակ աղաղակում են, որ նա իր հիվանդների օրգանները գողանում է:
Հիվանդանոցի ներսում ունի դեղատուն, որտեղ դեղերը առնվազն 5 անգամ թանկ են երկրի մնացած բոլոր դեղատներից (ՀԴՄ կտրոններն առկա են` որպես ապացույց): Սակայն հաշվեհարդար է սպառնում այն հիվանդին, ում հարազատները կփորձեն խուսանավել և դեղերը գնել քաղաքի այլ դեղատնից:
Բերդի տարածաշրջանի շտապօգնությունը վեր է ածվել Արամ Հարությունյանի գերշահութաբեր բիզնեսի: Շտապօգնության երեք մեքենաներից յուրաքանչյուրն ունի իր արժեքը` «Ուազը»` 20 հազար դրամ, «Գազելը»`50 հազար, «Ֆորդը»` 100-150 հազար: Իսկ անհետաձգելի համարվող դեպքերում կանչը մնում է անտեսված, քանի որ հիվանդանոցը ստիպված կլինի պետպատվերով բուժել»,- գրված է նամակում:
Բնակիչները նաև տեղեկացնում են, որ Նավուր գյուղից 14-ամյա Սարինե Մադոյանի անալիզները կեղծելով` նրան «կույրաղիքի» վիրահատության ենթարկեցին, երկրորդ անգամ անհարկի հեռացրին ձվարանը, առաջացած բարդությանը հետևեց երրորդ վիրահատությունը: Երեխան մահացավ, իսկ հետո պարզվեց, որ նրա կույրաղիքը հանված չէ, Հարությունյանն ուղղակի կտրել ու կարել էր` գումարները գռփելով:
Tert.am-ի հետ զրույցում աղջկա հայր Կոլյա Մարդանյանը հաստատեց այս ամենը՝ ավելացնելով, որ դեպքը տեղի է ունեցել 2003թ.-ին և մինչ այսօր իր երեխայի մահվան պատճառը հայտնի չէ, աղջիկը փաստաթղթերով դեռ ողջ է:
Մովսես գյուղի բնակիչ Ալվարդ Մարգարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր որդին՝ 32-ամյա Սոս Ղուկասյանը մեքենայով ձորն էր ընկել 2004թ-ի հուլիսի 24-ին, ոչ մի կոտրվածք չէր ստացել, իր ուժերով դուրս էր եկել ձորից: 130 հազար դրամ արժեցած շտապօգնությունը Սոսին տեղափոխել էր Բերդի հիվանդանոց: Արամ Հարությունյանը նրան անհարկի վիրահատություն է արել, հանել փայծաղը` հարազատներին հավատացնելով, թե առանց հանելու կմահանար: Մի քանի ժամ հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, Հարությունյանը նորից վիրահատել է, իսկ նրա հանցակից Արմեն Գալստյանը որովայնից արտահոսած արյունը նորից ներարկելով` հիվանդին հասցրել է ծայրահեղ վիճակի:
Սոսի հարազատները որոշել են տանել նրան այլ հիվանդանոց: Զգալով վտանգը` Արամ Հարությունյանը երրորդ վիրահատությունն է արել` կարելով հիվանդի աղիքները ստամոքսին, որ հետո մեղքը գցի այլ բժշկի վրա: Բերդի հիվանդանոցից Սոսին հանելու ժամանակ Արամ Հարությունյանը, եկամտի աղբյուրը կորցնելուց կատաղած` խլել է պատգարակը, տակից վերցրել բարձն ու վայրենաբար քաշելով` բերանից հանել զոնդը: Էրեբունու հիվանդանոց հասցնելուց հետո Սոսը մահացել է, այնտեղ պարզել են, որ նա ոչ մի կոտրվածք չունի, մահը վրա է հասել սխալ վիրահատությունների արդյունքում առաջացած որովայնամզի բորբոքումից (պերիտոնիտ):
Նամակում նշվում է, որ ծննդկան Կարինե Աթոյանին պտուղն արգանդում սպանեցին` նրան սխալ դեղեր ներարկելով, ինչը հաստատված է դատաբժշկությամբ: Կարինեի մայր Սվետա Աթոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 30-ին աղջկա մահվան տարելիցն է, ինքն չի խոսի, բայց շուտով անհերքելի փաստեր կներկայացնի բժշկի արարքների մասին:
«Եվ սրանք մի քանիսն են այն բազում դեպքերից, երբ Հարությունյան Արամը մորթում ու սպանում է` մնալով անպատիժ, հովանավորվելով պետական վերնախավի կողմից»,- գրված է նամակում:
Այս ամեն մասին Tert.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, որտեղից ասացին, որ մարզային հիվանդանոցները գտնվում են մարզպետարանների ենթակայության ներքո:
Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, թե ո՞ւր են այդ նամակները, ինչո՞ւ մարզպետարան չի եկել որևէ բողոք, որևէ նամակ. «Փաստերը բերեք, տեսնենք էդ ինչ մահեր են եղել, որ մենք ոչ մի բանից տեղյակ չենք»:
Բողոքողների անուններն իմանալուց հետո ասաց. «Էդ բոլոր դեպքերը վաղուց փակվել են, դատարանները որոշել են, ի՞նչ անենք, լավ, փակենք էդ հիվանդանոցը, ի՞նչ անենք, էդ բոլոր դեպքերի հետ կապված բոլորն իրենց պատիժները կրել են»:
Իսկ բժշկի գործողությունների մասին մարզպետարանի առողջապահության վարչության պետի պատասխանը հետևյալն էր. «Միանշանակ, նման բան չկա և լինել չի կարող, և մարզպետարանը տեղյակ կլինի, եթե այդպիսի բարձիթողի վիճակ լինի, իսկ հիմա չկա նման բան, մարզպետարանը տեղյակ է, իրավիճակը վերահսկվում է»:
Բժշկի՝ դեղատուն ունենալու և հիվանդներին միայն այնտեղից դեղեր գնել տալու մասին էլ Կարինե Դովլաթբեկյանն ասաց. «Դեղատուն բացելը մարդու իրավունքն է, ո՞ւմ ինչ գործն է, ով կարա հիմա ապացուցի, որ Հարությունյան Արամի անունով դեղատուն կա: Էդ մարդու մոտ էս պահին ոչ մի «չե պե» չկա, իսկ եթե էդ մարդիկ չեն կարում մոռանան իրենց ցավն ու մորմոքը, դա իրենց պրոբլեմն ա, ի՞նչ եք ուզում մեզնից»:
Tags: տավուշ
