Ադրբեջանում նախագահի թեկնածուն դատի է տվել Հանրային հեռուստատեսությանը և ԿԸՀ-ին

1 (2)Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից երկրի նախագահի թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլին դատի է տվել Հանրային հեռուստատեսությանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հաղորդում է “Հագին”կայքը:

Թեկնածուն պահանջում է վերականգնել քարոզարշավի համար վճարովի եթերաժամանակի իր իրավունքը, քանի որ հեռուստատեսությունը հրաժարվել էր տրամադրել այդ եթերաժամկետը:

Դատական հայցը կքննվի Բաքվի վերաքննիչ դատարանում հոկտեմբերի 2-ին:

Հասանլին հեռուստաընկերություն էր դիմել սեպտեմբերի 23-ին իրեն վճարովի եթերաժամանակ տրամադրելու պահանջով: Հեռուստաընկերությունը մերժել էր՝ հիմնավորմամբ, որ թեկնածուների՝ վճարովի եթերաժամանկից օգտվելու մասին հայտերի ներկայացման ժամկետն ավարտված է եղել: ԿԸՀ-ն ևս մերժել էր թեկնածուի պահանջը: