Արաբկիր-Լոռու մարզ համագործակցության հերթական միջոցառումը բարեգործական շեշտադրում ուներ

004.loriԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռևս նախորդ տարեսկզբին Երևան քաղաքի վարչական շրջանների և Հայաստանի մարզերի միջև բարեկամության և համագործակցության ծրագրերի սկիզբ դրվեց: Այս համատեքստում օրերս, արդեն հերթական այցելությամբ Լոռու մարզում էր Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության կանանց խորհրդի անդամները, վարչական շրջանի կրթօջախների տնօրեններ: <<Միանշանակ ողջունելի է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած մայրաքաղաքի վարչական շրջաններ- մարզեր բարեկամության ու գործակցության ծրագիրը, և ես ուրախ եմ փաստելու, որ Արաբկիրի ու մեր մարզի միջև այդ հարաբերությունները գնալով ավելի խորն ու ընդգրկուն են դառնում: Այս անգամ էլ նախապես քննարկել էինք, թե ինչ ուղղվածություն ունենա այցելությունը, որպեսզի առավել նպատակային ու օգտակար լինի>>,- մարզպետարանում տեղի ունեցած  հանդիպման ժամանակ նշել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

<<Մարզերի հետ բարեկամության ու գործակցության ծրագիրը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում է: Քաղաքապետը տեղյակ է մարզերի կարիքների մասին, և հենց այդ կարիքներն էլ, լինեն դրանք նյութական, գործնական, կրթական կամ որևէ այլ, հիմք են հանդիսանում մեր հերթական այցելությունների ծրագրերը կազմելիս>>,- իր հերթին նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:

Այս այցելությունը, օրինակ, համընկել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած <<Դու մենակ չես>> խորագրով բարեգործական ակցիային, ուստի այն ևս բարեգործական շեշտադրում ուներ:
Քաղաքապետի հոգածությամբ անակնկալներ էին սպասում Վանաձորի մանկատան, խնամքի կենտրոնի, օժանդակ դպրոցի բոլոր փոքրիկ բնակիչներին: Արաբկիր վարչական շրջանի հ. 130 դպրոցի սաներն իրենց հերթին սեփական ձեռքով նվերներ էին պատրաստել երեխաների համար: Մանկատան տնօրենն ու սաները մայրաքաղաքից եկած հյուրերին հպարտությամբ ցույց են տվել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տնկած եղևնին, որին, ինչպես սաներն են ասել, առանձնահատուկ խնամքով են վերաբերվում:

Վանաձորի հատուկ դպրոցի մարզադահլիճը համալրվել է  մարզագույքով, որի կարիքը, ինչպես նշել է տնօրենը, դպրոցը շատ ուներ: Նախորդ այցելությանը արաբկիրցիները Երևանի քաղաքապետարանի կողմից մարզպետարանին հարակից այգու համար <<Երևան-Վանաձոր>> գրառումով գեղեցիկ նստարաններ էին բերել, այս անգամ՝ դեկորատիվ աղբամաններ:

Բարեկամ վարչական շրջանի ներկայացուցիչների այցը եզրափակվել է մայրաքաղաքի և Վանաձորի շնորհալի երեխաների, երաժշտական ու արվեստի դպրոցների  սաների մասնակցությամբ համատեղ համերգային ծրագրով: