Մեքսիկայում ոստիկանությունը ազատել է Ռեյնոսա քաղաքի մոտակայքում պահվող 73 առևանգված մարդկանց:
Ոստիկանության տեղեկություններով՝ մարդիկ առևանգվել են ավտոբուսներից և նրանց մի մասը կենտրոնական Ամերիկայից է եղել: Չնայած ոստիկանությունը ոչինչ չի հայտնել այդ մասին, սակայն հնարավոր է, որ մարդկանց մեծ մասը Միացյալ նահանգներ ուղևորվող ներգաղթյալներ են եղել:
Մեքսիկայի ազգային անվտանգության հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ առևանգված մարդկանց մի մասը արդեն չորս ամիս է ինչ այդտեղ էր գտնվում:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երկուշաբթի հսկողություն իրականացնող դաշնային ոստիկանությունը հետապնդել էր իրենց հրահանգներին չենթարկվող մեքենայի, որի արդյուքնում նրանք հայտնաբերել էին առևանգված մարդկանց:
Առևանգվածների շարքում կային 37 մեքսիկացիներ, 19 հոնդուրասցիներ, Գվատեմալայի 14 քաղաքացիներ և երեք սալվադորցիներ:
Փրկվածների մեջ կային վեց անչափահասներ:
Առևանգողները զանգահարել էին առևանգված մարդկանց ընտանիքի անդամներին և նրանց ազատելու դիմաց գումար պահանջել:
Ոստիկանությունը ձերբակալել է իրենց առևանգվածների մոտ բերած մեքենայում գտնված երկու տղամարդկանց և առևանգվածներին հսկող մեկ այլ տղամարդու:
