Քոլեջների և ավագ դպրոցների շրջանավարտները բուն ընդունվելիս կունենան հավասար արտոնություններ

imagesԽորհրդարանում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ն տվյալներ, թե  ավագ դպրոցներից և միջին մասնագիտական կրթական հաստատություններից շրջանավարտների քանի տոկոսն է ընդունվել բարձրագույն ուսումնական բուհեր: Պատգամավորը բարձրացրեց նաև ավագ դպրոցների և միջին մասնագիտական կրթական հաստատությունների միջև առկա չափորոշիչների անհամապատասխանության հարցը, ըստ որի վերջիներս որոշակի արտոնություններ են տալիս շրջանավարտներին բուհ ընդունվելիս:

Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ վիճակագրական տվյալներ չկան բուհ ընդունվողների վերաբերյալ, սակայն ընդունեց, որ անհամապատասխանություն իսկապես կա: Նախարարը տեղեկացրեց, որ անհավասար պայմանները որոշակի ժամանակ անց վերացվելու են, և ստեղծվելու են միասնական պայմաններ բոլորի համար: «Ես գիտեմ, որ այստեղ կա լոբբիստական մեծ շարժում, վստահաբար արդեն Ազգային ժողովի պատգամավորներից մի քանիսին որոշ ծնողներ, տնօրեններ, բարեկամներ խնդրել են, բայց պետք է միասին կայացնենք քաղաքական որոշում՝ ստեղծելով անկախ միասնական տարածք անկախ նրանից, թե այդ պահին մեր մտերիմը, բարեկամն ու հարազատը ավագ դպրոցո՞ւմ են աշխատում, թե՞ քոլեջում»,-ասաց Աշոտյանը:

Tags: