2014 թվականի հունվարի 1-ից կբարձրանան միայն ուժային կառույցների աշխատողների աշխատավարձերը

վաչե-գաբրիելյան1ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ պետական կառավարման համակարգում 2014 թվականի հունվարի 1-ին խոստացված աշխատավարձերի բարձրացմանը և հարցրեց, թե ինչու հանկարծ փոխվեց ՀՀ նախագահի այս խոստումը և դրան հետևեց այն հայտարարությունը, որ աշխատավարձերի բարձրացում կլինի 2014-ի հուլիսի 1-ից:

«Ինչ է կատարվել այս ընթացքում, և ինչո՞ւ պիտի հանրապետության նախագահը ստիպված լինի հայտարարել մի բան, հետո ամբողջ իրավիճակը փոխվի»,-հարցրեց պատգամավորը:

Հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ աշխատավարձերի բարեփոխումները կառավարության ուշադրության կենտրոնում են, և հունվարի 1-ից իսկապես բարձրացում լինելու է, սակայն փուլային տարբերակով. «Փաթեթում, որը ներկայացվում է բյուջեի հետ միասին և որը կառավարությունը վերջին նիստին հաստատեց, համակարգված ներկայացված էր նաև պետական հատվածների աշխատավարձերի բարձրացումը: Այն արդեն ներկայացվել է Ազգային ժողով: 2014 թվականի հունվարի 1-ից կբարձրանան բոլոր ուժային կառույցների աշխատողների աշխատավարձերը, իսկ աշխատավարձերի բարձրացման հիմնական մասը տեղի կունենա հուլիսի 1-ից»,-տեղեկացրեց նա:

Վաչե Գաբրիելյանը նաև նշեց, որ աշխատավարձերի բարձրացումը միջին հաշվով կլինի 40 տոկոս:

 

Tags: