Չորեքշաբթի տեղական իշխանությունները հայտնել են, որ Չինաստանում բոռերի խայթոցներից մահացածների թիվը հասել է 41-ի:
Սինխուա պաշտոնական լրատվական գործակալության տվյալներով՝ Շենսի նահանգային ղեկավարության հայտարարության մեջ ասվում է, որ բոռերի հարձակումներ գրանցվել են ոչ միայն Անկանե քաղաքում, որտեղ 19 մարդ է զոհվել, այլև նահանգի այլ հատվածներում՝ խլելով 22 մարդու կյանք:
Ավելի քան 1600 մարդ է տուժել բոռերի հարձակումներից, իսկ նրանցից 37-ը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում:
Նահանգային իշխանությունները տուժածներին բուժելու նպատակով հատուկ բժշկական թիմ են մոբիլիզացրել, ինչպես նաև բժիշկներին հատուկ վերապատրաստել: Այժմ արագ արձագանքման ջոկատները հավաքում են բոռերի բույները:
Նահանգային իշխանությունները նաև հայտնում են, որ բոռերը առավել ագրեսիվ են դառնում սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, երբ սկսվում է նրանց զուգավորման և տեղափոխման շրջանը՝ ավելացնելով, որ այս տարվա չոր և շոգ եղանակը նպաստել է այդ հարձակումներին:
Tags: Չինաստան
