Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգում հերթական գժությունն է արել` նախագահ Սարգսյանին հարցրել է, թե արդյոք նա տարվել է կազինոյում 70 միլիոն եվրո, և արդյոք նա չի կարծում, որ ողջ հայ ժողովրդին չի ներկայացնում, քանի որ իշխանության է եկել արյունալի իրադարձությունների միջոցով: Րաֆֆի Հովհաննիսյանի լեգենդար զինակցուհու հերթական նոպայի առիթով կուզենայի արտահայտել մի քանի նկատառում։
Առաջին. տիկին Զարուհու արածը տարրական պրիմիտիվիզմ է, հավի ուղեղի մակարդակի, քանի որ եթե նա իսկապես ուզում էր պարզել իրեն հուզող հարցերի պատասխանն ու դրա ճշմարտացիությունը, դա կարող էր անել Երևանում, գրավոր կամ բանավոր, դիմելով թե՛ նախագահին, թե՛ նրա վարորդներին ու թիկնապահներին (որոնք տեղյակ են նախագահի ամեն քայլի մասին), թե՛ նորանշանակ գլխավոր դատախազին: Սակայն Զարուհին դա արել է Ստրասբուրգում, հետևաբար, նրան բնավ չեն հետաքրքրել իր հարցերի պատասխանները։ Նա առաջնորդվում է միայն մեկ նպատակով` սկանդալ, սկանդալ և նորից սկանդալ, ՀՀՇ լեզվով ասած` սկանդալ, սկանդալ մինչև վերջ:
Երկրորդ. չեմ կարող խոսել եվրոպացի պատգամավորների կարծիքի մասին, քանի որ չկան հրապարակված տեղեկություններ, բայց մի բան հստակ է` եվրոպացիները Րաֆֆիի Զարայի հարցից հետո հայերի մասին քիչ բան կունենան մտածելու, այդ քիչ բաներից են` հայերը ստրուկ են և համբալ, գժության հակումներ ունեն և կարող են իրենց անձնական շահի համար վերացնել հայրենիքը (ինչպես դա տեղի ունեցավ 1920թ. կամ վեց դար առաջ), հայերը հուսալի գործընկերներ չեն, և նրանց փլավին աղ չի գցվում:
Երրորդ. կատարվածը պետք է դաս լինի Մուկուչյանի և
ընտրություններով զբաղվող այլ անձանց համար, որպեսզի հաջորդ անգամ ընտրություններն այնպես կեղծեն, որ ոչ մի Զարա, ոչ մի այլ գիժ պառլամենտ չանցնի: Դա է պահանջում պետության բարձրագույն շահը, իսկ այդ շահին հասնելու համար ընդունելի են բոլոր միջոցները: Ընդհուպ մինչև խայտառակ կեղծիքներ: Հայ ժողովուրդը, որն իր մեծամասնությամբ գիժ չէ, կհասկանա Մուկուչյանի և մյուսների կատարած աշխատանքի արժեքը և չի ըմբոստանա, եթե անգամ մեկը իշխանությունից, հետևելով անմահ սպարապետ Վազգենի օրինակին, հրապարակավ ասի, թե՝ Զարա՛ ու Րաֆֆի՛, եթե 100 տոկոս էլ հավաքեք, ձեզ պառլամենտ ներս թողնող չկա, դուք արդեն վտանգավոր եք ազգի և պետության համար։
:
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
