«Ի՞նչ է նշանակում խաղեր խաղալ: Գուցե երիտասարդական տարիներից Դուք եք դրանով զբաղված: Մենք խաղ չենք խաղում, մենք քաղաքականություն ենք իրականացնում և դա իրականացնում ենք` ելնելով մեր ժողովրդի շահերից»,-այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ պատասխանելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի հարցին, թե ՀՀ-ն եվրոպական ժողովրդավարության խաղեր է խաղում, բայց ստորագրում Մաքսային միության պայմանագիրը, այսպես պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է Առավոտը: Շարունակելով միտքը` ՀՀ նախագահը հայտարարեց, որ դա ՀՀ-ի գործն է, թե որ միություն մուտք կգործի և «ինչո՞ւ պետք է Ադրբեջանին հաշվետու լինի»: Սամադ Սեյիդովը հերթական անգամ հայտարարեց, թե «ՀՀ-ն բռնազավթել է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը»: Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանն ասաց. «Պետք է Ձեր թվաբանական գիտելիքներն ու վերաբերմունքը ՀՀ-ի մասին թարմացնեք»: Պարոն Սարգսյանը նշեց. «Այսօր մենք համարում ենք, որ ՀՀ զինված ուժերն են ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը: Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, ապա ՀՀ-ն իր կարողությունների համաձայն պաշտպանելու է ԼՂՀ-ն: Եթե այդպիսի գործողություններ լինեն, ապա մի քանի ամիս հետո Դուք կդժգոհեք տարածքների 25-30 տոկոս բռնազավթման մասին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Tags: ԵԽԽՎ, Սերժ Սարգսյան
