Համաներումը կտարածվի 1300 դատապարտյալի վրա, որից շուրջ 500-ը ազատ կարձակվի

theme_1Խորհրդարանն այսօր ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:

Որոշման օգտին քվեարկեց 102 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ ձայներ չգրանցվեցին:

Համաներումն անմիջապես տարածվելու է շուրջ 1300 դատապարտյալի վրա, որից շուրջ հինգ հարյուրը կհայտնվեն ազատության մեջ:

Համաներման գործընթացը կտևի մինչև դեկտեմբերի 25-ը:

Պատժից կազատվեն մինչև 3 կամ 5 տարով դատապարտված անձիք, 60 տարին լրացած անձիք, հղի կամ մինչև 3 տարեկան երեխա խնամող անձիք, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձիք վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել:

Առաջարկվել էպատժի կրումից ազատել նաև Հայրենական Մեծ պատերազմի , ՀՀ կամ ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց կամ բռնադատվածի կարգավիճակ ունեցողներին, ովքեր նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն և այլն :

Առաջարկվել էր նաև պատժի չկրած մասը 6 ամսով կրճատել որոշ ծանր հանցագործությունների՝ թրաֆիկինգի, մարդկանց շահագործման, ոչ դիտավորությամբ մարդու առողջությանը վնաս հասցնելու, ՄԻԱՎ-ով այլ անձանց վարակելու համար դատապարտված անձանց պատժաչափերը:

Համաներումը չի տարածվելու ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտված անձանց վրա՝ սպանություն, բռնաբարություն, մինչև 16 տարեկան անձանց նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների կատարում, իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, լրտեսություն, բանդիտիզմ, ահաբեկչություն, դիվերսիա, ցեղասպանություն և այլ, մարդկության դեմ ուղղված, ծանր հանցագործությունների համար դատապարտված, ինչպես նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վրա:

 

Tags: