ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը դժվարանում է ասել՝ իրո՞ք Սերժ Սարգսյանը խաղում է կազինոներում, թե՞՝ ոչ. ՛՛Ես ի՞նչ
իրավունք ունեմ նրան հավատալ կամ չհավատալու: Իր հետ կազինոյում չեմ եղել, իրեն կազինոյում չեմ տեսել, գնահատականներ տալու ոչ մի
իրավունք չունեմ՛՛: Այս մասին նա հայտարարեց այսօր Աժ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս: Հարցին, թե արդյոք համաձա՞յն է, որ
Զարուհի Փոստանջյանի նկատմամբ իշխանության վերաբերմունքը խիստ էր, քանի որ վերջինս ունի ազատ արտահայտվելու իրավունք, նա
պատասխանեց. ՛՛Յուրաքանչյուրի բռունցքը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի քիթը: Խոսքի ազատությունը բոլորովին այլ կերպ է
բնութագրվում: Վիրավորանքը ազատ խոսք չէ: Բանավեճի մեջ կարող է երբեմն այս սահմանը խախտվել, բայց հարցը սա չէ: Ես չեմ կարողանում
հասկանալ՝ ինչպե՞ս կարող է ընդդիմադիր պայքարին նպաստել սեփական երկրի նվաստացումը ուրիշ երկրներում: Ես չեմ տեսել, որ որևէ
իտալացի պատգամավոր պարոն Բեռլուսկոնիին, ում վարքը ամբողջ աշխարհին է հայտնի, նմանատիպ հարցով դիմի միջազգային ատյանում: Սա
արդեն բոլոլորովին ուրիշ սահման է, որը ինձ համար ընդունելի չէ՛՛,-ասաց Վահան Հովհաննիսյանը, սակայն չցանկացավ ենթադրել, թե ինչու՞
Զարուհի Փոստանջյանը նման հարց տվեց ՀՀ նախագահին, միայն ասաց. ՛՛Մարդիկ չեն կարողանում տարբերակել իշխանություն ու պետություն
հասկացությունները: Իշխանությանը վնաս հասցնելու համար ոտնատակ են տալիս նաև պետականությունը՛՛:
–
Լարա Առաքելյան
