Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «միջազգային հանրության առաջ կրկին խոստովանել է, որ նա ագրեսոր երկրի ղեկավար է և մինչև հիմա անցկացնում է տարածքային հավակնությունների քաղաքականություն հարևան երկրների հանդեպ»՝ հաղորդում է 1in.am-ը`վկայակոչելով APA գործակալությանը:
Նա նման հայտարարությամբ հանդես է եկել՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի ելույթը ԵԽԽՎ ամբիոնից:
Դիվանագետի խոսքերով՝ «սպառնալով Ադրբեջանին՝ Սարգսյանը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»:
«Հայաստանի նախագահը, օգտագործելով միջազգային կազմակերպության ամբիոնը, կրկին փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը… Հայաստանի նախագահը չի հասկանում, որ բանակցային գործընթացը մանիպուլյացիայի ենթարկելը և ամեն տեսակի արդարացումները՝ ուղղված հակամարտության կարգավորման ձգձգմանը, շատ բացասաբար են անդրադառնում ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա, մասնավորապես՝ Հայաստանի:
Չգիտեմ՝ ինչպես է Սարգսյանը հասկանում ժողովրդավարությունը, սակայն միանշանակորեն ժողովրդավարության նրա ընկալումները և ըմբռնումն էականորեն տարբերվում են նրանից, ինչպես այն հասկանում է միջազգային հանրությունը»,- կարծում է Աբդուլաևը:
Tags: ադրբեջան, Սերժ Սարգսյան