Վանի Գևաշ գավառի Իլի գյուղում անցած տարի տարրական դպրոցի շինարարության ժամանակ հայերին պատկանող ոսկորներ էին հայտնաբերվել: Սակայն պատասխանատու անձինք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել, և հողի երես դուրս եկած ոսկորները այդպես էլ մնացել են անտեսված: Դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող հավաքական գերեզմանոցը հենց այն ճանապարհի մոտ է, որտեղով անցնում են աշակերտները: Այս տեսարանը ազդում է երեխաների հոգեբանության վրա, նրանք վախենում են՝ խուսափելով դպրոց գալուց: Մարդկային գանգերն ու ոսկորները օրեցօր ավելի տեսանելի են դառնում, սակայն պետական ոչ մի մարմին կամ կազմակերպություն ուշադրություն չի դարձնում այս երևույթի վրա:
«Դիջլե» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ գյուղացիներից Յըլմազ Թուլայը նշել է, որ հայտնաբերված ոսկորները նախկինում այս գյուղում ապրող հայերին են պատկանում: Գյուղացին նկատել է, որ դիակներին իրար վրա են թաղել, ինչը ընդունելի երևույթ չէ միաստվածության կրոններում: Թուլայը իրավասու կազմակերպություններին կոչ է արել ուսումնասիրել գտնված ոսկորները, ապա հավաքել դրանք:
Tags: թուրքիա
